Բաժիններ՝

Մահմուդ Ահմադինեժադին քննադատել են նախագահական կամպանիային մասնակցելու համար

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Պահապանների խորհրդի ներկայացուցիչ Աբբաս Ալի Կադխոդաեին քննադատության է ենթարկել նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ կապված նրա հետ, որ վերջինս գրանցման գործընթացի ժամանակ ուղեկցել է թեկնածուներից մեկին:

Նշվում է, որ մայիսի 11-ին Ահմադինեժադն ուղեկցել է Իրանի ՆԳՆ-ի Ընտրական շտաբում գրանցվել պատրաստվող Էսֆանդիար Ռահիմ Մաշաեիին: Դրա հետ կապված՝ Կադխոդաեին երեկ հայտարարել է, որ Ահմադինեժադի գործողություններն ապօրինի են՝ ընդգծելով, որ այդ հարցը կդիտարկի դատարանը:

Մահմուդ Ահմադինեժադը Մաշաեիի գրանցման ժամանակ հայտարարել է. «Ես Մաշաեին եմ, իսկ Մաշաեին՝ ես»: Իրանում նախագահի թեկնածուների գրանցման գործընթացն անցկացվել է մայիսի 7-11-ին: Ստացվել է 686 հայտ, որոնցից 30-ը՝ կանանց կողմից: Իրանի նախկին նախագահ Հաշիմի Ռաֆսանջանին նույնպես հայտ է ներկայացրել:

Ամենաերիտասարդ թեկնածուն 19 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ 87 տարեկան: Դրանով իսկ գերազանցվել է նախորդ ընտրությունների ռեկորդային ցուցանիշը, երբ ստացվել էր 475 հայտ: Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը մայիսի 12-16-ին հաստատելու կամ մերժելու է ստացված հայտերը:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին BBC-ն հայտնել էր, որ Մահմուդ Ահմադինեժադը երկրի ազդեցիկ անձանցից ստացել էր քաղաքական զգուշացում՝ նախագահական ընտրություններից առաջ երկրում տիրող իրավիճակը չսրելու համար: Դա մասնավորապես վերաբերում էր Մաշաեիին նրան աջակցելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս