Թուրքիայում 9 մարդ է ձերբակալվել՝ կապված Սիրիայի սահմանի մոտ գտնվող Ռեյհանլըի պայթյունների հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ձերբակալվել է 9 մարդ, որոնք մասնակից են երկրի հարավ-արևելյան հատվածում գտնվող Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած պայթյուններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը:

Վերջինիս խոսքերով՝ ներկա դրությամբ մայիսի 11-ին Ռեյհանլըում գրանցված պայթյունների հետևանքով զոհերի քանակը հասել է 46 մարդ, վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Աթալայը հավելել է, որ իրենց առայժմ հաջողվել է պարզել զոհվածներից 38-ի ինքնությունը. նրանցից 35-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 3-ը՝ սիրիացիներ:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով Ռեյհանլըում գրանցված պայթյունները, երեկ Բեռլինում հայտարարել է, որ «եկել է ժամանակը», որպեսզի միջազգային հանրությունը միջոցներ կիրառի Սիրիայի նկատմամբ.

«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը միջոցներ ձեռնարկի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի նկատմամբ: Սիրիական հակամարտությունը գնալով ավելի շատ է սպառնում Թուրքիային ու հարևան մյուս երկրներին»:

Թուրքական կողմը կարծում է, որ Ռեյհանլըի պայթյունները կազմակերպել են Սիրիայի հատուկ ծառայությունները:

Տեսանյութեր

Լրահոս