Դատարանը կալանավորեց հայտնի գործարարի սպանությունը նախապատրաստող խմբի անդամներից 4-ին (լուսանկարներ)
Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, նույն վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ոստիկանություն են բերման ենթարկել Դ. Զ-ին, Վ. Ք.-ին, Ա. Ս.-ին, Կ. Դ.-ին, Ս. Վ.-ին, Վ, Դ.-ին, Ա. Դ.-ին և Վ. Թ.-ին:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանց մի մասը բնակվում է Երևանում, մի մասը՝ մարզերում: Ոստիկանության նշված ստորաբաժանումները 1 տարուց ավելի հսկայական աշխատանքներ են կատարել, մինչև բացահայտել են այս խմբին, որը պլանավորել և նախապատրաստվել էր սպանել Հայաստանում հայտնի գործարարներից Ռ. Մ.-ին, ով ավելի շատ լինում է արտերկրում, այդ թվում՝ Իսպանիայում և Հայաստանում:
Shamshyan.com կայքի հաղորդմամբ` Այսօր՝ մայիսի 12-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տարել 4 անձի:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են Հայաստանում հայտնի գործարար Ռ. Մ.-ին դիպուկահարի միջոցով սպանությունը նախապատրաստելու մեջ:
Դատավոր Արշակ Վարդանյանը 6 ժամից ավելի դատական դռնփակ նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից հետո բավարարել է միջնորդությունը, և նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, որտեղից էլ տեղափոխվելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Խմբի մյուս անդամների խափանման միջոց ընտրելու հարցով քննչական մարմինը որոշում պետք է կայացնի վաղը: