Որքան կարճ է մարդու անունը, այնքան շատ է նրա աշխատավարձը. Forbes
Ամերիկյան Forbes պարբերականում հրապարակվել է Լաուրա Շինի «Ուսումնասիրությունը վկայում է, որ որքան կարճ է անունը, այնքան շատ է աշխատավարձը» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Ծնողներն անում են ամեն ինչ՝ իրենց երեխաներին օգնելու համար գտնել կյանքում իրենց տեղը, սակայն նրանք հաշվի չեն առնում մեկ բան. ինչպիսի՞ անուն շնորհել երեխային:
TheLadders օնլայն ծառայությունը, որը զբաղվում է աշխատանքի տեղավորմամբ, կադրերի ընտրությամբ և մասնագիտական կողմնորոշմամբ, միավորում է 6 միլիոն օգտատիրոջ (որոնց 3.4 տոկոսը ընկերությունների ղեկավարներ են) և օժտված է աշխատավարձերի մասին տվյալների մասշտաբային բազայով:
Մայրերի օրվա տոնի կապակցությամբ ընկերությունը որոշել է համակարգել և վերլուծության ենթարկել այդ տվյալները՝ պարզելու համար, թե արդյոք անունները, որոնց մեզ տվել են մեր ծնողները, ազդո՞ւմ են մեր աշխատավարձի պոտենցիալի վրա: Միջին գնահատականների համաձայն, պարզվել է, որ որքան կարճ լինի մարդու անունը, այնքան մեծ կլինի նրա վաստակը:
TheLadders ծառայության մասնագետների պնդմամբ՝ իրականում, ինչպես վկայում են տվյալները, յուրաքանչյուր «ավելորդ» տառը մարդուց «խլում» է տարեկան մոտ 3600 դոլար (ճիշտ է՝ կան բացառություններ, որոնց մասին կխոսվի քիչ անց):
Օրինակ, ընկերությունների ղեկավարների շրջանում ամենատարածված անունները սրանք են. տղամարդիկ՝ Bob, Lawrence, Bill, Marc, Martin, կանայք՝ Christine, Denise, Cindy, Shannon, Sarah: Սակայն «ամենաբարձր վարձատրվող» անուններում պատկերը քիչ այլ է. տղամարդիկ՝ Tom, Rob, Dale, Doug, Wayne, կանայք՝ Lynn, Melissa, Cathy, Dana, Christine:
Ընկերությունների տղամարդ ղեկավարների անունների առաջին տասնյակում 8-ը բաղկացած է 5 և ավելի քիչ տառից: Ամենայն հավանականությամբ, տղամարդկանց համար լավագույն տարբերակը 5 տառից բաղկացած անունն է:
«Կարճ անունները երաշխավորում են ավելի բարձր վաստակ» տեսության ստուգման համար կայքի մասնագետները վերլուծության են ենթարկել 24 զույգ անուն՝ բաղկացած ամբողջական անունից և նրա կրճատ տարբերակից՝ պարզելու համար, թե որ տարբերակն է ավելի լավ «վճարվում»՝ Bill-ը կամ William-ը, Chris-ը կամ Christopher-ը, Debbie-ն կամ Deborah-ը:
Յուրաքանչյուր դեպքում կրճատ անունն ապահովել է ավելի մեծ վաստակ՝ մեկ բացառությամբ. տեսությունը չի գործել Larry և Lawrence զույգի դեպքում: Եթե դու դեռ կասկածում եք, ահա ձեզ ևս մեկ ապացույց. մասնագետները վերլուծության են ենթարկել միևնույն անվան զույգ տարբերակները, որոնք անգլերենում գրվում են տարբեր կերպ: Օրինակ, Michele և Michelle, Sara և Sarah, Philip և Phillip:
Եվ կրկին ավելի կրճատ տարբերակը համապատասխանել է ավելի բարձր աշխատավարձի: Եվ վերջապես, ստացվել են ևս մեկ հետազոտության արդյունքներ, որոնք կարող են ներազդել ապագա մայրերի ու հայրերի վրա՝ երեխայի անվան ընտրության հարցում: Դա 25 հանրահայտ անունների ցուցակն է: Պարզվում է, որ այդ անունները կրողները վաստակում են միջինը 7000 դոլար ավելին, քան՝ այլ անուններ ունեցողները»: