
Վիկ Դարչինյանը նոկաուտի ենթարկեց Խավիեր Գալոյին

Թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանից ընդամենը 4 ռաունդ պահանջվեց մեքսիկացի Խավիեր Գալոյին պարտության մատնելու համար:
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Լարեդո քաղաքում կայացած մարտն ընթացավ Դարչինյանի բացարձակ առավելությամբ: Արդեն երկրորդ ռաունդում Դարչինյանի հարվածաշարից հետո Գալոն կորցրեց հավասարակշռությունը:
Մեքսիկացին ոտքի կանգնեց, սակայն շուտով երկրորդ անգամ նոկդաունի ենթարկվեց, երրորդ նոկդաունից հետո թվում էր՝ Գալոն այլևս չի կարողանա շարունակել մարտը, բայց նա կրկին ոտքի կանգնեց և միայն 4-րդ ռաունդի 26-րդ վայրկյանին Վիկի հարվածից հետո Գալոն այլևս ի վիճակի չէր շարունակել մարտը:
Վիկ Դարչինյանի հաջորդ մրցակիցը կարող է լինել WBA տարբերակով աշխարհի չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Տերասան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը