Վրաստանը շահագրգռված է «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործման մեջ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը շահագրգռված է «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործման մեջ՝ գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Մարիկա Վալիշվիլին.
«Մենք շատ ուրախ կլինենք, եթե Կենտրոնական Ասիայի գազն անցնի «Անդրկասպյան» գազատարի միջոցով, ապա նաև Ադրբեջանի ու Վրաստանի միջով: Էներգոանվտանգության հիմնական բաղադրիչը մատակարարման աղբյուրների ու երթուղիների դիվերսիֆիկացումն է, և Վրաստանը պլանավորում է երկարատև հեռանկարում գտնել գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ: Դրանում է կայանում երկրի էներգետիկ ռազմավարությունը:
Մենք պատրաստ ենք դիտարկել նաև Ռուսաստանից գազի մատակարարման հնարավորությունը, որն Ադրբեջանի հետ մեկտեղ Վրաստանի մերձակա գազամատակարարն է: Սակայն գազի այլընտրանքային մատակարարների մասին վերջնական որոշումը կախված կլինի գազի գնից, ծավալից և մի շարք այլ գործոններից»:
«Անդրկասպյան» գազատարի երկարությունը կազմելու է մոտ 300 կիլոմետր, այն անցնելու է Կասպից ծովի հատակով՝ Թուրքմենստանից Ադրբեջանից: Սակայն Ռուսաստանն ու Իրանը խոչընդոտում են ԵՄ-ի կողմից առաջ մղվող այս նախագծի իրագործումը: