Իրանի նախագահի եղբայրն ու Թեհրանի քաղաքապետը նախագահի թեկնածու գրանցվելու հայտեր են ներկայացրել
Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եղբայր Դավութ Ահմադինեժադը ներկայացրել է նախագահի թեկնածու գրանցվելու հայտ: Դավութ Ահմադինեժադը հանդիսացել է Իսլամական հեղափոխության պահակազորի անվտանգության հարցերով աշխատակից:
Մահմուդի Ահմադինեժադի առաջին նախագահության ժամանակ Դավութ Ահմադինեժադն աշխատել է որպես Իրանի նխագահական ապարատի վերահսկման դեպարտամենտի ղեկավար և հրաժարական է տվել 2008 թվականին, ինչի պատճառը, իրանական ԶԼՄ-ների համաձայն, եղբոր հետ լարված հարաբերություններն էին:
Թեհրանի քաղաքապետ Մուհամեդ Բագիր Գալիբաֆը նույնպես հայտ է ներկայացրել՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Նա ժամանակին հանդիսացել է Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմաօդային ուժերի, ինչպես նաև իրանական ոստիկանության հրամանատարը:
Նա պահպանողականների ճամբարը ներկայացնող, մի քանի ամիս առաջ ստեղծված եռյակ միության անդամ է, որի մեջ են մտնում նաև գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերի գծով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին և Իրանի խորհրդարանի նախագահ Գուլամալի Խադադ Ադիլը: Վերջինս երեկ առաջադրել է սեփական թեկնածությունը՝ նախագահական ընտրությունների համար:
Իրանում նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը, որը մեկնարկել է մայիսի 7-ին, ավարտվում է այսօր: Ներկա դրությամբ գրանցման հայտ է ներկայացրել 366 մարդ, որից 12-ը կանայք են: Իրանում 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին: