Ր. Հովհաննիսյան. Հարցրեք պարոն Օսկանյանին, փողի բաժանման պահերը պատկանել են ոչ միայն մեկ, այլ՝ նվազագույնը երկու կուսակցության

Այսօր Ազատության հրապարակում հրավիրած հավաքից հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի  հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում հնչող գնահատականներին, թե Երևանի ավագանու կազմում ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի չներկայացվածությունը արդարացի է և «այդպես էլ պետք է լիներ», նա պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում»:

Հարցին էլ՝ արդյո՞ք «Բարև Երևանի» ներկայությունը ավագանիում հաջողություն է, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, ազատ արդար ընտրության դեպքում մենք պետք է լինեինք առաջինը կամ ծայրահեղ դեպքում երկրորդ տեղը: Պետք է ներկայաված լինեին ընդդիմադիր բոլոր ուժերը: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ես հաջողություն չեմ համարում, որ պաշտոնական կեղծված տվյալներով «Բարև, Երևանը» ստացավ 8 տոկոս, իսկ մնացածը չանցան: Հակառակը՝ համարում եմ, որ պետք է պայքարն ուժգնացնել»:

168.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք ԲՀԿ-ն, ըստ նրա, արդար ճանապարհո՞վ է անցել  Երևանի ավագանի: Ի պատասխան, նա նշեց. «Կարծում եմ՝ եղել են համատարած ընտրակեղծիքներ, փողի բաժանում և այդ հարցը ավելի շուտ պետք է տաք պարոն Օսկանյանին, որովհետև, ինձ հասած տվյալներով՝ այդ փողի բաժանման պահերը պատկանել են ոչ միայն մի կուսակցության, այլ՝ նվազագույնը երկու կուսակցության»:

Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք «Բարև, Երևանը» կվերցնի՞ մանդատները, թե՞, այնուամենայնիվ, կհրաժարվի, «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Որոշումը կլինի հավաքական: Ես կարծում եմ՝ այդ որակը, որը «Ժառանգության» նախկին պատգամավորները, որոնք էապես ներկայացված են հնրավոր ավագանու կազմում, պետք է շարունակի գործել: Ես կողմնակից եմ մասնակցային ժողովրդավարությանը: Եթե բոյկոտը համատարած լինի, որևէ տեղ՝ Ազգային ժողովում կամ ավագանիում, կարելի է դիտարկել, բայց առանձին-առանձին դրանք հուզական խնդիրներ են ու, կարծում եմ, որ եթե, ի վերջո, «Բարև, Երևանը» վեց-յոթ հոգով մտնի ավագանի, ինքն իր ներկայությամբ ցույց կտա՝ ինչպես պետք է աշխատի ավագանին: Բայց դա, բնավ, չի նշանակում, որ մենք ընդունում ենք ավագանու ընտրությունների իրավականությունը»:

Կարդացեք նաև

Իսկ հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն հայտարարություններին, թե իշխանությունը «Բարև, Երևանի» օգտին ձայներ է «նկարել», Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես նման ապացույցներ չունեմ, որ որևէ մեկը «Բարև, Երևանին» լավություն է արել: Հակառակը՝ բոլորի թիրախն է եղել»:

Մեր հարցին, թե համամի՞տ եք Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարության հետ, թե «Ժառանգության» անվանափոխությունը բացասական ազդեցություն ունեցավ ընտրության արդյունքների վրա, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս