Թուրքիան դիվանագիտորեն հրաժարվում է քրդերին առնչվող Մեծ Բրիտանիայի առաջարկից
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան իր աջակցությունն է առաջարկել Թուրքիայի կառավարության սկսած թուրք-քրդական խաղաղության գործընթացի կապակցությամբ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ, որի ժամանակ էլ արել է իր այդ առաջարկը:
Սակայն թուրքական կողմը ցայժմ չի պատասխանել այդ առաջարկին՝ դրանով իսկ ի ցույց դնելով իր դիրքորոշումը տվյալ հարցում. «հարցը լուծվում է երկրի ներսում»: Էրդողանը միայն շնորհակալություն է հայտնել Քեմերոնին՝ նման առաջարկ անելու համար, սակայն անհապաղ պատասխան չի տվել:
Ոչ վաղ անցյալում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խաղաղության գործընթացում օտար գործընկերների մասնակցության վերաբերյալ հայտարարել էր. «Դա ընտանեկան գործ է: Մենք ցանկանում ենք այն լուծել ընտանիքի ներսում»: Դավութօղլուն ընդգծել էր, որ Թուրքիայի պատրաստած «ճանապարհային քարտեզի» մանրամասները չեն քննարկվելու օտար գործընկերների հետ:
Թուրքական մամուլն «անակնկալ» է որակել Քեմերոնի արած առաջարկը: