ԿԸՀ. Ֆեյսբուքյան ասուլիսը չկայացավ էթիկայի տարրական պահանջներին չբավարարող հարցերի պատճառով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի հետ կապված իրավիճակը։

«Հաշվի առնելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարիմ է մնացել թափանցիկ եւ հաշվետու գործելակերպի սկզբունքին եւ երբեք չի խուսափել ցանկացած ձեւաչափով հանրային քննարկումներին մասնակցելուց, այդ թվում նաեւ լրատվամիջոցների ու շարքային քաղաքացիների հետ շփումներից: Առաջնորդվելով այս սկզբունքով՝ երեկ ԿԸՀ նախագահն ընդունեց «Ազատություն» ռ/կ-ի` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ասուլիսի հրավերը՝ ելնելով այն կանխավարկածից, որ շահագրգիռ բոլոր կողմերը ողջամտության սահմաններում մասնակից կդառնան կայանալիք քննարկմանը: Սակայն օրվա ընթացքում տեղի ունեցածը (խոսքը վերաբերում է էթիկայի տարրական պահանջներին չբավարարող հարցերին) եկավ ապացուցելու հակառակը եւ ակնհայտ դարձրեց, որ նշված ձեւաչափով ասուլիսը որեւէ դեպքում չէր լինելու արդյունավետ եւ էթիկայի նորմերի սահմաններում: Ավելին՝ այն ծառայելու էր առանձին քաղաքական խմբերի շահերի սպասարկմանը, ինչը հեռու է ԿԸՀ ու նրա ներկայացուցիչների կոչումից եւ առաքելությունից։

Ելնելով վերոնշյալից՝ ԿԸՀ նախագահը ստիպված էր հրաժարվել նախնական պայմանավորվածությունից՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով որեւէ այլ ձեւաչափով պատասխանել ռադիոլսողների հարցերին»,- ասված է ԿԸՀ հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս