Պենտագոնը կարող է ՀՀՊ-ի մասին գաղտնազերծված մի շարք տվյալներ փոխանցել Ռուսաստանին
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալությունը քննարկել է իր համակարգերի մասին տվյալներ գաղտնազերծելու հնարավորությունը՝ Ռուսաստանի կասկածները ցրելու համար:
Այս մասին երեկ հայտարարել է հայտարարել է գերատեսչության ղեկավար, փոխծովակալ Ջեյմս Սիրինգը: Վերջինիս խոսքերով՝ ինքն այդ հարցը քննարկել է Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ:
Նա հավելել է, որ գաղտնազերծվելիք տվյալների թվում կարող է հայտնվել մասնավորապես կանխազարկ հրթիռների արագությունը: Նման քայլը կարող է ցրել Ռուսաստանի մի շարք կասկածները՝ կապված նրա հետ, որ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգն ուղղված է ռուսական միջուկային պոտենցիալի զսպմանը:
ԱՄՆ-ը պնդում է, որ իր ՀՀՊ համակարգն ուղղված է Իրանի ու ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր սպառնալիքների դեմ և վտանգ չի ներկայացնում միջուկային հրթիռների ռուսական զինանոցի համար: Սրանից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին առավելագույնս մտահոգող ՀՀՊ-ի մի շարք ասպեկտների վերաբերյալ որոշակի զիջումների էր գնացել:
Սակայն հանրապետական կոնգրեսականները կարծում են, որ Ռուսաստանին հետագա զիջումները կարող են շոշափել ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցը: