Բաժիններ՝

Ադրբեջանում երեք ամսով երկարաձգվել է պատգամավորական աթոռ վաճառելու փորձ արած Ահմեդովայի կալանքի ժամկետը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի շրջանային դատարանը նախօրեին ևս երեք ամսով երկարաձգել է նախկին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի կալանքի ժամկետը: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Ռագիֆ Մուսթաֆաևը:

Հետաքննությունը դա պատճառաբանել է նրանով, որ անցած ժամակաշրջանում չեն ավարտվել Ահմեդովայի դատավարությանն առնչվող բոլոր գործողությունները, վերցված չեն մի շարք փորձագիտական եզրակացություններ, վկայություններ:

Սակայն Ահմեդովայի փաստաբանը համակարծիք չէ դրա հետ, Ահմեդովան ինքը նույնպես համաձայն չէ իր կալանքի ժամկետի երկարաձգման հետ: Նա ձերբակալվել է այս տարվա փետրվարի 13-ին և մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ (մեքենայություն, վստահության չարաշահմամբ օտարի ունեցվածքի խոշոր չափի յուրացում) և 307-րդ (ծանր հանցագործության քողարկում) հոդվածներով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վտարանդիության մեջ գտնվող Ադրբեջանական միջազգային համալսարանի նախկին սեփականատեր և ռեկտոր Էլշադ Աբդուլաևը 2012 թվականի սեպտեմբերի կեսերին սոցցանցերում տեղադրել էր սենսացիոն մեկ տեսանյութ, որում նա զրուցում է ադրբեջանցի արդեն իսկ նախկին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի հետ, ով ներկայացնում էր իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ):

Այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են 2005 թվականին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների հարցը: Աբդուլաևը հայտնում է, որ ցանկանում է դառնալ պատգամավոր, իսկ Ահմեդովան պահանջում է 1 միլիոն դոլար՝ նրան ԵԱԿ-ի պատգամավորական ցուցակում ընդգրկելու համար: Էլշադ Աբդուլաևը համաձայնում է վճարել 500.000 (չի նշվում մանաթ, թե դոլար), սակայն նրան հայտնում են, որ նա այդքան էլ դեռ պետք է վճարի:

Ռեկտորը, սակայն, առարկում է՝ պնդելով, որ իրենք պայմանավորվել են 500.000-ի շուրջ, որ ինքն արդեն իսկ վճարել է այդ գումարը: Նա հավելում է, որ պատրաստ է վճարել ևս 500.000, եթե իրեն ընտրեն խորհրդարանական հանձնաժողովի նախագահ:

Սակայն կինը նրան պատասխանում է, որ այդ պաշտոնը զբաղեցնում է Ալի Հուսեյնովը, և ոչ ոք չի փոխի նրան: Ահմեդովան իր զարմանքն է արտահայտում, որ ռեկտորը դեռ սակարկում է իր հետ, և դա այն դեպքում, երբ ինքը համարձակվել է փոխել Իլհամ Ալիևի կազմած ցանկը և ռեկտորին խցկել դրանում:

Այս տեսանյութի հրապարակումից հետո Ադրբեջանում քրեական գործ հարուցեցին Ահմեդովայի նկատմամբ, բացի այդ, նրան վտարեցին ԵԱԿ-ի շարքերից: Ահմեդովան փորձեց փախուստի դիմել երկրից, սակայն նրան ձերբակալեցին Վրաստանի սահմանի մոտ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս