Թուրքիան ԵՄ-ի երկրներին չի զիջում ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական պլանում. Էգեմեն Բաղըշ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան այսօր, ինչպես երբևէ «մոտ» է ԵՄ-ին անդամակցելուն.

«Թուրքիան 11 տարվա ընթացքում կտրուկ ձգտում է հասնել ԵՄ-ին անդամակցելուն. Թուրքիան ԵՄ-ի անդամ երկրներին չի զիջում ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հասարակական-իրավական պլանում»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի երկրորդ կեսին ԵՄ-ի՝ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում չկա կոնսենսուս:

Նա հավելել էր, որ այդ գործընթացը գտնվում է դեռ սկզբնամասում՝ չնայած որ երկար ժամանակ է, ինչ դրա շուրջ տարվում են բանակցություններ՝ ընդգծելով, որ Թուրքիան պետք է կիսի եվրոպական արժեքները:

Ի դեպ, Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվել է 1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթնաժողովում: 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:

Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար (ներկայումս Թուրքիայի 11-րդ նախագահ) Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը:

Տեսանյութեր

Լրահոս