Զարուհի Փոստանջյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժվեց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, բավականին լարված մթնոլորտում, մոտ մեկ ժամ տևած քննարկման արդյունքում միաձայն որոշմամբ մերժեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Երևանի ավագանու ընտրություններին «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Զարուհի Փոստանջյանի մայիսի` 5-ի դիմումով վարչական վարույթի հարուցումը:
Դիմումատուն ներկայացրել էր Արաբկիր վարչական շրջանի 04/06 ընտրատեղամասերում նկատված կոնկրետ խախտումներ, իր՝ որպես վստահված անձի, գործունեության խոչընդոտման փաստեր՝ նշելով իրավախախտների, այդ թվում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների՝ հիմնականում ՀՀԿ-ն ներկայացնող անդամների հստակ անուններ: Դիմումը վերահասցեագրված էր նաև ՀՀ ոստիկանապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հատուկ քննչական ծառայության պետին, 04 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ դիմումի մեջ նշված չէ որևէ պահանջ, չկա ապացույց, հետևաբար՝ այն առարկայազուրկ է: Ի պատասխան՝ Զ.Փոստանջյանը պարզաբանեց, թե քանի որ նույն դիմումն ուղղված է մի շարք տարբեր իրավասություններ ունեցող պետական մարմինների, այդ իսկ պատճառով ինքը չէր կարող միասնական պահանջ ներկայացնել :
Դիմումատուն ընդգծեց, որ ԿԸՀ-ին կարող է այժմ ներկայացնել իր լրացուցիչ պահանջը՝ անվավեր ճանաչել 04 ընտրատարածքի՝ իր կողմից նշված բոլոր ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Սրան առարկեց ԿԸՀ նախագահը նշելով, որ նման պահանջով նա կարող էր դիմել Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում՝ քվեարկության հաջորդ օրվա ժամը 12-ից մինչև ժամը 18:00-ն, ինչը չի արել:
Հաշվի առնելով այն, որ Զ.Փոստանջյանը նույն դիմումի պատճենն ուղարկել էր նաև թիվ 4 ԸԸՀ, ԿԸՀ-ն անիմաստ համարեց այն վերահասցեագրել վերջինիս՝ նրա անմիջական ստորադասությամբ գործող ՏԸՀ-ների գործողությունները քննարկելու համար:
ԿԸՀ-ն դիմումատուին տեղեկացրեց, որ, թիվ 04 ԸԸՀ-ի՝ առաջիկայում կայացվելիք որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, նա կարող է այն բողոքարկել վերադաս մարմին՝ ԿԸՀ, կամ դատարան:
«Ես ուղղակի հասկացա, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, լինելով պրոֆեսիոնալ մարմին, հարկատուներիս հաշվին գումար ստանալով, ըստ էության, թե նախագահական ընտրություններում, թե Երևանի ավագանու ընտրություններում բազմաթիվ ահազանգեր ստանալուց հետո, այդ թվում նաև իմ դիմումը, զբաղվում է ցրողական գործունեությամբ»,-հայտարարեց Զ.Փոստանջյանը, և երբ ԿԸՀ նախագահը հորդորեց «զերծ մնալ ավելորդ գնահատականներից», կրքերն ավելի բորբոքվեցին: Զ.Փոստանջյանը, մասնավորապես, հայտարարեց, որ իր համար «բացարձակապես հաճելի չէ գալ և այստեղ հրապարակային քննարկում ծավալել»: «Մենք պարտավորված ենք քննարկել Ձեր դիմումները, եթե Ձեզ թվում է, որ մեզ հաճելի է, մեզ էլ հաճելի չէ»,-հակադարձեց Տ.Մուկուչյանը՝ կոչ անելով դիմումատուին մնալ վարույթի շրջանակներում:
ԿԸՀ-ի այսօրվա որոշումը Զ.Փոստանջյանը կարող է բողոքարկել Վարչական դատարան՝ օրացուցային 3 օրվա ընթացքում: