«Նաիրիտի» վերագործարկման և զարգացման համար ռուսական կողմին է ներկայացվել 400 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հաստատում են ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությունը, որ «Ռոսնեֆտի» կազմի մեջ մտնող «Իտերա» ընկերությունը կառավարության հետ բանակցություններ է վարում «Նաիրիտում» մասնակցություն ունենալու վերաբերյալ: Tert. am –ին նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանն ասաց. «Նման գործընթաց կա, և հետաքրքրված կողմերի հետ բանակցություններ են տարվում: Երբ ընդհանուր հայտարարի կգան, պաշտոնապես կտեղեկացնենք»:
Բանակցությունների մեկնարկի և ավարտի ժամկետների, հնարավոր ներդրումների ծավալների մասին մանրամասներ չեն հայտնվում: «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը Tert. am –ի հետ զրույցում հայտնելով, որ ռուսական ընկերության հետ բանակցություններ է վարում կառավարությունը, նշեց, որ ներկայացրել են «Նաիրիտ»-ի վերակառուցման և զարգացման 500 էջանոց ծրագիր, որը ենթադրում է մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: «Մանրամասն ներկայացրել ենք՝ ինչ է անհրաժեշտ, ինչը պետք է ամբողջությամբ փոխարինել՝ նորը կառուցել, ինչը վերակառուցել»:
Հիշեցնենք, որ 2007-ից «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited-ը, իսկ 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը:
Անուշ Հարությունյանը նշեց, որ գործարանն ունի և՛ գազով, և՛ նավթով կաուչուկի ստացման տեխնոլոգիա. գազով արտադրվում է ացետիլենային քլորոպրենային , իսկ նավթից՝ բութադիեն քլորոպրենային կաուչուկ:
Անուշ Հարությունյանը հայտնեց, որ գործարանի ընդհանուր պարտքը, ներառյալ գործարանի աշխատակիցներին ու Միջպետական բանկին ունեցած պարտքը կազմում է 100-120 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է գործարանի աշխատակիցներին պարտքերին, ապա Անուշ Հարությունյանի խոսքով՝ այս պահի դրությամբ՝ գործարանը մոտ 12 ամսվա պարտք ունի, և դրանք մարվում են երկու ամիս-մեկ ամիս կամ 40 օր պարբերականությամբ՝ մեկ ամսվա կտրվածքով:
Tert.am
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի