Իսրայելն ու Թուրքիան մոտ են հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի կնքմանը
Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Յաակով Ամիդրորը, ով գլխավորել է իսրայելական պատվիրակությունը Թուրքիայի հետ բանակցություններում, մեկնաբանել է դրանց ընթացքը:
Չինական այցի ժամանակ Նեթանյահուին ուղեկցող Ամիդրորը հայտարարել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը ստորագրվելու է մոտ ժամանակներս: Ամիդրորի խոսքերով՝ երկու օր առաջ Իսրայելի ԱԳՆ-ում անցկացված բանակցությունների երկրորդ փուլը եղել է չափազանց հաջող.
«Շուտով՝ պայմանագրի ստորագրումից հետո, տեղի կունենա դեսպանների փոխանակում: Բայց քանի դեռ ձեռք բերված չէ լիովին համաձայնություն, կարելի է համարել, որ այն ընդհանրապես չկա»:
Նշվում է, որ մայիսի 6-ին թուրքական ու իսրայելական պատվիրակությունները համաձայնեցրել են «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհված թուրքերի հարազատներին փոխհատուցում վճարելու մասին համաձայնագրի նախնական տարբերակը:
Այդ բանակցությունները տևել էին 8 ժամ: Իսրայելական կողմը, Ամիդրորից բացի, այդ բանակցություններում ներկայացրել է նաև կառավարության ղեկավարի հատուկ էմիսար Յոսեֆ Չեխանովերը: Թուրքական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: