Բաժիններ՝

Արամ Հարությունյան. Բավականին լուրջ առարկություններ և խնդիրներ կան նախագծերում

Երեկ ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել ընդերքօգտագործման բնագավառում նոր գործողություններ ծավալել ցանկացող երեք ընկերությունների: Բացասական եզրակացություն են ստացել «Մեգո Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագիծը, «Գեգամետ Պլյուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի, «Վարդենիսի քարհանք վարչություն» բաց բաժնետիրական ընկերության փորձաքննության ներկայացրած Ողջաբերդի անդեզիտաբազալտների հանքավայրի «Լեսնոյե»  տեղամասի շահագործման նախագծերին:

168.am-ը բնապահպանության նախարարի պաշտոնում վերանշանակված Արամ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են բացասական եզրակացություն ստացել այդ ընկերությունների նախագծերը:

«Քննարկում է տեղի ունեցել, և մանրամասն եզրակացությունները ներկայացվել են, ինչպես դուք նշեցիք, այդ երեք գործերով: Նաև տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, որին մասնակցել է և՛ հանրային հատվածը,  և՛ մասնագիտական մակարդակով քննարկումներն արել ենք, և բավականին լուրջ առարկություններ և խնդիրներ կան, որոնց պատասխանները մենք չենք կարողացել գտնել այդ քննարկումների ընթացքում: Եթե կուզենաք մանրամասն ծանոթանալ փորձագիտական եզրակացությանը, դուք կարող եք դիմել՝ մենք ձեզ տրամադրենք և դուք ստանաք փորձագիտական եզրակացությունը: Դրանք ամենատարբեր բնապահպանական խնդիրներն են, որը սահմանված է օրենքով և ընթացակարգերով»,- ասաց Արամ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս