Բաժիններ՝

Հասարակությունը փոխվում է, պետք է փոխվի նաև քաղաքական համակարգը. Վլադիսլավ Սուրկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արդեն նախկին փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովն իր պաշտոնանկությունից առաջ Լոնդոնի տնտեսական դպրոցում հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքական համակարգը կայուն է և ունակ է վերափոխման.

«Այն փոփոխվում է հասարակությունում կատարվող փոփոխություններին զուգընթաց: Համակարգը կոտրված չէ, դա հնարել է ինչ-որ մեկը: Համակարգը, որի համահեղինակներից մեկը ես եմ, գոյություն ունի և վերապրել է 2011 թվականի ընտրությունները:

Այն ժամանակ գործել է նույն համակարգը: Մի՞թե դուք այնպիսի տպավորություն ունեք, որ 2011 թվականի դեկտեմբերին ընդդիմության հանրահավաքից հետո փլուզվել է հին համակարգը:

Ո՛չ, այն հաղթեց ընդդիմությանը: Դա փաստ է: Համակարգը չպետք է վերացվի, այն չպետք է փլուզվի, այն պետք է հարմարվի փոփոխվող պայմաններին: Համակարգը պետք է ենթարկվի փոփոխության: Հասարակությունը փոխվում է, պետք է փոխվի նաև քաղաքական համակարգը:

Այստեղ որևէ հակասություն չկա: Դա հենց այն գլխավորն է, ինչը համակարգը ցուցադրեց 2011 թվականին. այն, որ ունակ է փոխվել: Համակարգը բախվեց որոշակի մարտահրավերների, հասկացավ, որ հասարակությունում առկա է դժգոհություն, ընդ որում՝ խոր և հարմարվեց:

Համակարգը երկար սպասված կոշտություն ցուցաբերեց ծայրահեղականների և բոլոր նրանց դեմ, ովքեր կարծում էին, որ հնարավոր է ծեծել ոստիկանի: Նրանք խիստ պատժի արժանացան: Համակարգը ցույց տվեց, որ կարող է կոշտ պատասխան տալ:

Սակայն համակարգը ցույց տվեց նաև, որ կարող է լինել ճկուն, ինչի մասին է վկայում քաղաքական կուսակցության գրանցման համակարգի ազատականացման մասին օրենքը: Երբ ավարտվեց քաղաքական տիրույթի առողջացումը, պատաստվեց օրինագիծը: Համակարգն արձագանքեց հասարակության մեջ կատարված զգալի փոփոխություններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս