Իրանում նախագահի թեկնածուների գրանցման առաջին իսկ օրը ստացվել է 75 հայտ
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Իրանում մեկնարկել է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը:
Գրանցման հենց առաջին օրը ստացվել է միանգամից 75 հայտ, որոնցից 5-ը քաղաքական գործիչներ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Մոհամմադ Նաջարը:
Վերջինիս խոսքերով՝ յուրաքանչյուր օրվա ավարտից հետո գրանցման ընտրական շտաբը յուրաքանչյուր հայտն ուղարկում է Սահմանադրության պահապանների խորհուրդ, որը հաստատելու կամ մերժելու է այդ հայտերը:
Գրանցման գործընթացը շարունակվելու է մինչև մայիսի 11-ը: Մայիսի 12-16-ին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կդիտարկի յուրաքանչյուր թեկնածություն:
Իրանի ՆԳՆ-ը նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուների անունները կհրապարակի մայիսի 22-23-ին, իսկ մայիսի 24-ին կսկսվի նախընտրական կամպանիան, ինչը կավարտվի հունիսի 12-ին: