ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն կդառնա. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր թղթակցին հայտնի է դարձել, որ «Բարգավաճ Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններից հետո, այդուամենայնիվ, որոշել է հայտարարել ընդդիմություն դաոնալու մասին։ Դա տեղի է ունենալու ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբում:
Սույն տեղեկությունը հայտնել են ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները։ Ըստ նույն աղբյուրների, ԲՀԿ-ն պատրաստվում է աշնանը կուսակցության ներսում նաև կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարել։ Թե ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ։ Դրանք քննարկման փուլում են:
ԲՀԿ-ն պատրաստ է նաև՝ կուսակցությունից գործարար թևի անջատմանը։ Իշխանությունն արդեն այսօրվանից պատրաստվում է 2017–18թ.թ. ընտրություններին և փաստորեն՝ որոշել է գործարկել նույն սցենարը, որը կիրառվեց 2006–2008թ.թ. ընթացքում։ Այն ժամանակ, սակայն, գործիքը կամ «ընդդիմությունը»՝ ՕԵԿ-ն էր։ Թե այս սցենարը ժամանակի ընթացքում ինչ մուտացիաների կենթարկվի և արդյո՞ք արդյունավետությամբ կգործի, դեռ կերևա»: