ԱԺ տարածք ներխուժած անձի գործն ուղարկվեց դատարան
Մարտի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի ցանկապատ տարածք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանի գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցած քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների, անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք թույլ տված Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչը 2013թ. մարտի 22-ին` ժամը 14.50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային Ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողներ Արտաշես Գալստյանի և Վազգեն Հակոբյանի օրինական պահանջներին: Վրեժ Գալստյանն իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաև Արտաշես Գալստյանի նախազգուշական կրակոցներ արձակելուց հետո և շարունակել է շարժվել ՀՀ Ազգային Ժողովի վարչական շենքի ուղղությամբ, իսկ ձեռքին եղած դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Վրեժ Գալստյանի ապօրինի տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Սահակյանն իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից ևս մեկ նախազգուշական կրակոց է արձակել, սակայն Վրեժ Գալստյանը, կրկին չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, դանակը ձեռքին կտրուկ շարժում է կատարել Սահակ Սահակյանի ուղղությամբ, ինչի պատճառով վերջինս իրեն ամրակցված ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի ուղղությամբ` նրա ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով հրազենային միջանցիկ մարմնական վնասվածք:
Դեպքից անմիջապես հետո ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցները կազմակերպել են Վրեժ Գալստյանի առաջին բուժօգնությունը, և նա տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ 2013թ. մարտի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, մարտի 25-ին Վրեժ Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վրեժ Վանիկի Գալստյանը 2012թ. մայիսի 14-ից հաշվառված է Մասիսի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում` «շիզոֆրենիա պարանոիդ ձև, աֆեկտիվ-զառանցական համախտանիշ» ախտորոշմամբ:
Ըստ Վրեժ Գալստյանի վերաբերյալ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության, քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու պահին Վրեժ Գալստյանը գտնվել է նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից:
Նկատի ունենալով վերը շարադրվածը` նախաքննական մարմինը հարուցել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ եւ ապրիլի 26-ից դատարանի որոշմամբ Վրեժ Գալստյանը գտնվում է հոգեբուժական հիվանդանոցում, քանի որ նա վտանգավոր է հասարակության համար։