Բաժիններ՝

Ստեղծվել է նոր երաժշտական կայք

Այսօր Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Armenian national music կայքի շնորհանդեսը ՝www.namusic.net: Հայ ազգային երաժշտական կայքն իր մեջ պարունակում է հայ ազգային երաժշտությանը վերաբերող ձայնագրություններ, հոդվածներ, հարցազրույցներ, տեսանյութեր և այլն:

Կայքը ստեղծել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երեք ուսանողներ՝ կայքի գլխավոր ադմինիստրատոր Սերգեյ Ումրոյանը, ադմինիստրատոր Տիգրան Քեշիշյանը և գլխավոր խմբագիր Աստղիկ Մարտիրոսյանը:

Նոր երաժշտական կայքն ընդգրկում է ավանդական գեղջկական ֆոլկլորից՝ մինչև ժամանակակից կոմպոզիտորական արվեստ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կայքի գլխավոր ադմինիստրատոր Սերգեյ Ումրոյանը՝ նշելով, որ կայքի ստեղծումը հայկական երաժշտական մշակույթը պրոպագանդելու նպատակ ունի:

«Այսօր համացանցում կարելի է գտնել գրեթե բոլոր ժանրերի երաժշտություն, մինչև անգամ՝ անորակ ռաբիս, և այլն, սակայն ազգային երաժշտության բուն ակունքներից՝ մինչև պրոֆեսիոնալ դասական արվեստ, կարելի է ասել, գրեթե չկա: Իհարկե, կան որոշ անհատ կոմպոզիտորների ստեղծագործություններ, սակայն ամբողջական տեղեկատվություն գտնել այդ ամենի մասին գրեթե անհնար է»,- ասաց Ս. Ումրոյանը՝ նշելով, որ նոր ստեղծված կայքը նպատակ ունի  ներկայացնել մեր ստեղծագործողների երաժշտությունը, նաև նրանց մասին հոդվածները, հարցազրույցները, ստեղծագործությունները, որոշ ձայնագրությունները հասանելի դարձնել:

Մեր զրուցակցի խոսքով՝ ներկայում կայքն ընդգրկում է մոտ 20-30 հեղինակի մասին նյութեր, սակայն, ըստ կայքի հեղինակների՝ այն թարմացվելու է ամեն օր:

«Մի շարք ճանաչված երաժիշտների օգնությամբ մենք այժմ ունենք մեծ տեղեկատվական բազա, պարզապես այդ ամենը տեղադրելու համար ժամանակ է պետք,  միանգամից այդ ամենը տեղադրել պարզապես հնարավոր չէ»,- ասաց Ս. Ումրոյանը:

Հայկական երաժշտական մշակույթը պրոպագանդելու նպատակով ստեղծված կայքը մոտ ապագայում կլինի նաև անգլերեն և ռուսերեն տարբերակներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս