
Ջոն Քերին այսօր ժամանում է Մոսկվա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր երկօրյա այցով ժամանում է Մոսկվա: Քերին պլանավորել է Մոսկվայում քննարկել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև երկկողմանի համագործակցության հարցը, ինչպես նաև միջազգային առավել սուր խնդիրները:
Ակնկալվում է, որ Ջոն Քերիին այսօր կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պլանավորված է, որ Քերին հանդիպելու է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քերին հանդիպելու է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Քերին, նախորդ շաբաթ զրուցելով լրագրողների հետ, կարծիք էր հայտնել, որ իր ռուսական այցը ուշացել է: Նա ընդգծել էր, որ Ռուսաստանում քննարկելու է հարցերի լայն շրջանակ՝ երկկողմանի հարաբերությունները Սիրիայում ու Իրանում տիրող իրավիճակները, ԿԺԴՀ-ի, Աֆղանստանի հարցերը, մեծ ութնյակի առաջիկա գագաթաժողովի հարցը: