«Ստյոպա Սաֆարյանը վիրավորում է հարյուր-հազարավոր իր հայրենակիցներին». Արմեն Ալավերդյան

«Այն, որ ընտրությունները որևէ մեկի համար անակնկալ չէին, դա փաստ է, բայց ընտրություններում անակնկալը ժողովրդի քվեն է լինելու»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Երևանի ավագանու ընտրությունները՝ այսպիսի կարծիք էր հայտնել «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Վերջինս նաև նշել էր.  «Այն ընտրությունը, որն անցավ, դրան արժանի չէր մեր ժողովուրդը: Այն տպավորությունն է, թե ՀՀ ընտրողներին նրանք ինվալիդի տեղ են դրել: Զավեշտալի է նաև այն, որ անգիտակից մարդկանց են բերում: Բառիս բուն իմաստով կիսամահ մարդկանց են բերում, մարդիկ չեն էլ գիտակցում, թե ինչ են անում՝ մյուսներին ծառայություններ մատուցելով տաքսիներով, ավտոներով, ինչպես նաև՝ երթուղային գծերով: Կրկին Ավանում և Մասիվում երթուղային գծեր չեն գործում, և որոշ դեպքերում ընտրողներին ընտրատեղամաս էին  բերում որոշակի գումարի դիմաց: Մենք համակարգված ընտրակեղծիքների որոշակի դրսևորումների արձանագրողը դարձանք: Տեղամասից դուրս ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն նույն իշխանական կանոններով են գործում, տեղամասի ներսում՝ ընդդիմության կանոններով:

Ստացվում է՝ տարբեր ձևերով բերվում է քվե, և ընդդիմության հանձնաժողովականները պահում են այդ քվեն: Սա չի կարող համարվել ընտրություն, և ՀՀ հասարակությունը արժանի չէր այս ընտրությանը: Ընտրողն ինքն էլ է ուզում խաբել ու իր վրեժը լուծել: Բազում դեպքեր են եղել, երբ մեր գրասենյակ են եկել ու նշել, որ մի ուժից ընտրակաշառք են վերցրել, բայց կատարել են այլ ընտրություն»:

Ս. Սաֆարյանի այս խոսքերն «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի զայրույթն էին առաջացրել, որը նա արտահայտել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Հիշեցնենք, որ կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ: Ինչո՞ւ էր զայրացել Արմեն Ալավերդյանը:

«Ինձ զայրացրել է այն, որ իրեն թվում է, որ «ինվալիդ» կամ «հաշմանդամ» բառերը, որոնք նույն բառերն են՝ հայհոյանք են, և նա, փաստորեն, անպատվում է հարյուր-հազարավոր իր հայրենակիցներին: Ընդ որում, դա այն ուժն է, որը հպարտանում է, որ իր ցուցակներում հաշմանդամների է ընդգրկում: Ճիշտ է, ընդգրկում են ոչ անցողիկ տեղերում, դա էլ ուրիշ թեմա է, բայց իրենք դա դրոշակ են դարձրել,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը, ասաց «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը և ավելացրեց,- Լրատվամիջոցի հետ զրույցում նա նաև ասել է, թե անգիտակից մարդկանց են բերում. նա ո՞վ է՝ բժի՞շկ է, մասնագե՞տ է, հոգեբա՞ն է, որ գնահատի՝ մարդն ինչ-որ բան հասկանո՞ւմ է, թե՞ ոչ: Այլ հարց է՝ ինչպե՞ս են մարդկանց բերում, ի՞նչ մոտիվացիայով, սա լրիվ ուրիշ թեմա է: Կարծում եմ՝ դա ոչ միայն լեզվի սայթաքում է, այլ ուղղակի դիրքորոշման պես բան է: Ողջ քաղաքական ուժի մասին չեմ կարող խոսել, բայց կարծում եմ, որ կոնկրետ այս անձնավորությունը դա որպես դրոշակ է օգտագործում: Այսինքն՝ իր համար այն մարդիկ, ովքեր հաշմանդամություն ունեն և իրենց ցուցակում են, ուղղակի PR-ի առարկա են»:

Արմեն Ալավերդյանը կարծում է, որ ամեն ինչ պետք է իր չափն ու սահմանն ունենա, քննադատելիս պետք է կոռեկտ լինել և չվիրավորել անմեղ մարդկանց:

«Ես ենթադրում եմ, որ նա կասի՝ «ինվալիդն» ուրիշ բառ է, և այլն, բայց նա, ուզելով  կամ չուզելով, մտածելով կամ չմտածելով՝ իրոք հազարավոր մարդկանց է վիրավորել: Եթե բառը լրագրողի կողմից աղավաղվել է, ուրիշ թեմա է: Եթե այդպես է, նա կարող է դատի տալ, կամ լրագրողից, խմբագրից ներողություն պահանջել:  Բայց եթե նա այդպիսի բառ է թույլ տվել, առնվազն պետք է ներողություն խնդրի: Արդարացումները չեն ընդունվի»,- հավելեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս