ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում, ՀՀԿ-ի մասին էլ տեղյակ չէ
Ինչպե՞ս են ԲՀԿ-ականները վերաբերվում այսօր առավոտվանից հնչող այն մեղադրանքներին, ըստ որոնց՝ ԲՀԿ-ականները ևս ընտրակաշառք են բաժանում: Պատասխանելով 168.am-ի այս հարցին՝ ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Երիտհանրապետականների գվարդիան գործում է «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով: Բայց պետք է ասեմ, որ այս սկզբունքն իրեն վաղուց սպառել է: Մյուս կողմից՝ նման պնդումներ անողներն ընդունում են, որ պետական համապատասխան կառույցները մատնված են անգործության: Ստացվում է, ԲՀԿ-ն զբաղված է ապօրինություններ կազմակերպելով, իսկ ՀՀԿ-ն հայտնվել է զոհի կարգավիճակում»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք իր խոսքից կարելի է հասկանալ, որ տարեց հանրապետականներն այս ամենի հետ կապ չունեն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Նրանց կապի մասին չգիտեմ, միայն կարող եմ ասել, որ ինչ տեսել են, այն սովորել են»:
168.am-ի այն հարցին, թե՝ պնդո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի բաժանել, Զոհրաբյանը պատասխանեց. «Միանշանակ պնդում եմ, դա աբսուրդ է, անտրամաբանական աբսուրդ»:
Իսկ ԲՀԿ շտաբը տիրապետո՞ւմ է ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու փաստերի, կամ կա՞ն այդպիսի տեղեկություններ: Մեր այդ հարցին Զոհրաբյանը պատասխանեց. «Չեմ կարող նման բան ասել, այս պահին ես զբաղված եմ այլ ահազանգի ուսումնասիրությամբ և գտնվում եմ ընտրատեղամասում: Երեկոյան երբ կամփոփենք ամբողջ տեղեկատվությունը, այդ ժամանակ էլ հանդես կգանք ամփոփ հայտարարությամբ»:



