Ռոբոտները «գրավել» են Պոլիտեխնիկի բակը. Տորթ կտրողից՝ մինչև մուկ բռնող ռոբոտ (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 3-ին, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի բակը «գրավել» էին ռոբոտները:
«Ռոբոտների օր» կոչվող միջոցառմանը մասնակցում էին «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի և Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները, ովքեր ցուցադրեցին իրենք պատրաստած ռոբոտները:
Միջոցառմանը մասնակցում էին նաև մի շարք ընկերություններ: Օրինակ՝ «Նաիրի» կրթական կոնսորցիումը ցուցադրեց եռաչափ տպիչ (3D printer) և խառատային հաստոց (CNC): «Արթին Վարուժան» ընկերությունը ներկայացրեց հայկական արտադրության հարթակներ, «Սայմոտեկ» ընկերությունը ցուցադրեց «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ստեղծված ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակներում կհատկացվի Հայաստանի 50 համայնքների` ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով: Հետագայում նախատեսվում է նմանօրինակ խմբակներ ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցներում:
Միջոցառմանը ներկայացվեցին ամենատարբեր տեսակի ռոբոտներ՝ տորթ կտրող, մուկ բռնող, գծին հետևող, հրշեջ ռոբոտ, և այլն:
«Ռոբոտների օր» միջոցառման մանրամասները՝ տեսանյութում:
Տեղեկացնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2008թ.-ից կազմակերպում է «ԱրմՌոբոտիքսը», որի նպատակն է՝ զարգացնել ռոբոտաշինությունը Հայաստանում: