Էդ ո՞ւր էր ԲՀԿ-ն, ինչո՞ւ ծպտուն չէր հանում. Էդուարդ Շարմազանով
«Նիստում քննարկվել են նախընտրական քարոզչության հետ կապված հարցեր, գործադիր մարմինը քննարկել է ներկուսակցական և ներքաղաքական հարցեր»,- այս մասին ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշել է կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս մասին հաղորդում է galatv.am կայքը:
Վերջինիս գնահատմամբ կուսակցությունը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ այս ընտրությունները պետք է լինեն ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան ընտրություններ: Հարցին, թե ՀՀԿ-ն հանրահավաք կանցկացնի՞, Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ այդ մասին կուսակցությունը վաղը կհայտնի:
«ՀՀԿ-ն գնում է դեպի ապահով Հայաստան և դեպի ավելի լավ Երևան»,- ասել է Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն գնում է հաղթանակի: Ըստ մամլո խոսնակի, բոլոր քաղաքական ուժերն էլ ցանկանում են հաղթել: «Մեր քաղաքացիները, կարծում եմ, որ կկատարեն շատ կշռադատված ընտրություն: Տարոն Մարգարյանը այս տարիների ընթացքում վստահության բարձր վարկանիշ ունի, և մայիսի հինգին դա մեր ընտրողները ցույց կտան»,- ասել է կուսակցության մամլո խոսնակը:
«Էդ նախագահական ընտրությունների ժամանակ ո՞ւր էր ԲՀԿ-ն, որ երեք ամիս ծպտուն չէիք հանում, չէիք մտածում երևանցիների մասին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ ներկայացուցիչների այն պնդումները, թե այսօրվա իրականությունը այն է, որ մարդիկ դժգոհ են:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե նիստում կառավարության ձևավորման հարց քննարկվե՞լ է, և արդյոք հնարավոր են փոփոխություններ, ՀՀԿ մամլո խոսնակը նշել է. «Կառավարության կազմի վերաբերյալ քննարկում չի եղել, օրենքով սահմանված ժամկետում այդ հարցը կկարգավորվի»:
Էդուարդ Շարմազանովը չի ցանկացել մեկնաբանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ պատգամավորների և գողականների համեմատությունը:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀԱԿ դատախազության դիմումը, ՀՀԿ մամլո խոսնակն արձագանքել է. «Ես երբեք բացահայտ անհեթեթությունների վրա ժամանակ չեմ վատնում, դա բացահայտ անհեթեթություն է»: