Գուրգեն Արսենյան. ԲՀԿ-ում «աշխատող, քրտինքի գինն իմացող մարդիկ են»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր ելույթը սկսեց Եղիշե Չարենցի խոսքերը մեջբերելով: «Մենք այն ենք ուզում, ինչ ամենքդ: Մենք համաձայն չենք նրա հետ, որ մեր աչքի առաջ մեր պապերի երազած Հայաստանը օր օրի, կաթիլ առ կաթիլ մաշի»:
Նրա խոսքով՝ 2003 թվականին, երբ ինքը պատգամավոր է ընտրվել, առաջին ելույթը նվիրել է արտագաղթին, դիմել է կառավարությանը, որպեսզի արտագաղթը Հայաստանի համար դառնալու է թիվ մեկ խնդիրը. «Իսկ հիմա ունենք այն, ինչ այսօր ունենք՝ մեր լավագույն ներկայացուցիչները լքում են մեր երկիրը: Կա մի արտահայտություն՝ չկան մարդիկ, չկան երկիր: Ասորեստանի նման պետությունը հիմա չկա, որովհետև մարդիկ չկան, իրենց երկիրը չկա: Կարծում եմ՝ մենք այդ ճանապարհով ենք գնում, իսկ դա պետք է կանգնեցնել»,- ասաց նա:
Գուրգեն Արսենյանը նշեց, որ «ազգի մեջ» ընդունված է խոսել հայրենասիրությունից, պատմությունից, անցած ճանապարհից, մեծերից, իսկ ինքը ցանկանում է խոսել ամերիկացիների մասին: Նրա խոսքով՝ Ամերիկան զրոյից սարքեց իր հայրենիքը, բայց հիմա թելադրում է աշխարհին՝ ինչպես ապրել: «ԱՄՆ-ում հայրենասիրության ձևակերպումը հետևյալն է՝ ապրել այնպես, որ ցանկացած պահին պատրաստ ես պայքարել կառավարության դեմ, եթե այն ոտնահարում է քաղաքացու շահերը: Մենք համաձայն չենք նրան, ինչ կա: ԲՀԿ-ն քաղաքական թիմ է, ու մենք ձեզ կոչ ենք անում՝ փոխել այս վիճակը: Համակարգային խնդրի դեմ կարելի պայքարել միայն համակարգով: Իսկ այն համակարգը, որը կարող է պայքարել գործող համակարգի դեմ, ձեր քվեն է: Ուզում եմ իմանաք, որ ամեն մարդ, ով իր քվեարկությամբ քվեարկի իշխող կուսակության օգտին, ստորագրում է, որ համաձայն է արտագաղթի, աղքատության, գործազրկության, կաշառակերության հետ: Իսկ մենք այս ամենի հետ համաձայն չենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ԲՀԿ-ում «աշխատող մարդիկ են, քրտինքի գինն իմացող»:
Նա կոչ արեց չքվեարկել քաղաքական այն ուժի օգտին, որի գործունեության հետևանքից մարդիկ դժգոհ են: