Արսեն Համբարձումյան; Ալեքսանդր Արզումանյանի որոշումը տրամաբանական է
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը galatv.am-ի հետ զրույցում ասել էր, թե մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իր քվեն տալու է Հայ հեղափոխական դաշնակցությանը: Նա նաև նշել է, որ կուսակցությունում նման քննարկում չի եղել, թեև չի բացառել, որ իր որոշումը կարող է ազդել կուսակցության համակիրների որոշման վրա:
168.am-ի այն հարցին, թե սպասելի՞ էր արդյոք Ալեքսանդր Արզումանյանի նման որոշումը, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, Երևանի ընտրություններում ՀՅԴ-ի ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Արսեն Համբարձումյանը պատասխանեց, թե որոշումը լիովին տրամաբանական է համարում:
«Ալեքսանդր Արզումանյանը և Արմեն Ռուստամյանը երկար տարիներ ուսանել են միասին, պարոն Արզումանյանը շատ լավ է ճանաչում Արմեն Ռուստամյան քաղաքական գործչի անցած ճանապարհը: Կարծում եմ, որ պարոն Ալեքսանդր Արզումանյանը Արմեն Ռուստամյանի անձնական որակները, հատկանիշները նկատի ունենալով է նման պատրաստակամություն հայտնել»,- ասաց Արսեն Համբարձումյանը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: