Օտար ավիափոխադրողներին թույլատրվել է հավելյալ թռիչքներ իրականացնել Հայաստան
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Օդային փոխադրումները կարգավորող դեպարտամենտը օտար ավիափոխադրողներին թույլատրել է հավելյալ թռիչքներ իրականացնել Հայաստան:
Այս մասին նշված է վարչության կայքում: Դեպարտամենտը մանրակրկիտ հետազոտել է ավիափոխադրողների հայկական շուկան, որի ժամանակ պարզվել է, որ էկոնոմ կարգի ավիատոմսերի գները չեն փոփոխվել: Եվ այնուամենայնիվ, ավիատոմսերի մեծ պահանջարկը և դրանց արագ վաճառքը կարծիք է առաջացնում ավիատոմսերի սակագների բարձրացման մասին:
Դեպարտամենտի ղեկավար Հրանտ Միրզոյանը հայտարարել է, որ ավիատոմսերի գների հնարավոր աճը կանխելու համար իրենք որոշել են հավելյալ թռիչքներ իրականացնելու թույլտվություն շնորհել Аэрофлот, Россия, Международные авиалинии Украины, Уральские авиалинии, Сибирь և Полет ավիաընկերություններին:
Մասնավորապես, այդ ավիաընկերություններին թուլատրվել է հավելյալ կանոնավոր թռիչքներ իրագործել «Երևան-Մոսկվա-Երևան», «Երևան-Նովոսիբիրսկ-Երևան», «Երևան-Կիև-Երևան», «Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան», «Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան» ուղղություններով:
Ավիափոխադրումների աշխարհագրական ընդլայնման նպատակով օտար ավիափոխադրողներին թույլատրվել է թռիչքներ իրականացնել նոր ուղղություններով՝ «Երևան-Ուֆա-Երևան», «Երևան-Կալինինգրադ-Երևան», «Երևան-Բելգորոդ-Երևան»:
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում է ընդունել 2013 թվականի ապրիլի 1-ից թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգերի սկսման մասին: