Բիձինա Իվանիշվիլիի կառավարության նախարարներից մեկը հրաժարական է տվել
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն հրաժարական է տվել՝ կապված նախարարությունում կոռուպցիայի մասին հետաքննության սկսման հետ: Այս մասին Կիրվալիձեն հայտարարել է Վրաստանի կառավարության այսօրվա նիստում.
«Ես ինձ վրա չեմ ստանձնում քաղաքական պատասխանատվություն՝ կապված նախարարությունում ընթացող իրադարձությունների հետ և հրաժարական եմ տալիս, քանի դեռ չի պարզվել ճշմարտությունը և չի հաստատվել այդ մարդկանց անմեղությունը»:
Իր որոշման մասին բարձրաձայնելուց հետո Կիրվալիձեն լքել է կառավարության նիստը: Վրաստանի գյուղատնտեսության նախարարի գործառույթները ժամանակավորապես կիրականացնի Կիրվալիձեի տեղակալ Շալվա Պիպիան:
Վրաստանի ՆԳՆ-ի Հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները երեկ ձերբակալել են Վրաստանի գյուղատնտեսական վարչության պետ Օմար Տեդորաձեին, Գյուղատնտեսության նախարարության Մեխանիզացիայի ինստիտուտի տնօրեն Զազա Մախարօբլիձեին, «Մեխանիզատոր» ընկերության տնօրեն Վաժա Նախուցրիշվիլիին և նրա տեղակալներ Մամուկա Իվանիձեին ու Բեսիկ Տևտաձեին, ինչպես նաև Ագրարային համալսարանի պրոֆեսոր Օտար Կարչավին:
Նրանք մեղադրվում են պետբյուջեի խոշոր չափի միջոցները վատնելու և ծառայողական անփութության մեջ: Մասնավորապես, խոսքը գնում է գյուղատնտեսության համար հատկացված 54 միլիոն լարի (մոտ 33 միլիոն դոլար) գումարից 2 միլիոն լարիի յուրացման մասին: