
Շտապ հաղորդագրություն. Նոր Նորքում խոչընդոտել են «Բարև, Երևանի» քարոզարշավին

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում շտապ հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցների համար:
«Նոր Նորքի 5-րդ զանվածում, Միկոյան փողոցի վրա Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտում է «Բարև, Երևան» դաշինքի ակտիվիստներին բուկլետներ բաժանել այդ հատվածում: Քաղաքացու հետ քիչ առաջ ունեցած հեռախոսազրույցը անգամ բավարար չեղավ հասկացնելու, որ նա քրեորորեն պատժելի արարք է թույլ տալիս. «ոչինչ, եթե պատժելի արարք եմ կատարում, թող պատժեն»,-հայտարարեց նա քիչ առաջ: Ինչպես եւ նախազգուշացրի քաղաքացուն, հանցագործության մասին հաղորդում թողվեց Նոր նորքի ոստիկանության բաժանմունքում, ինչպես նաեւ պահանջեցի ապահովել ոստիկանների ուղեկցություն քարոզչական խմբի աշխատանքներն ապահովելու համար: Այս պահին ինքս էլ գնում եմ դեպքի վայր, որտեղ հավաքվել են թաղային հեղինակությունները, իսկ ակտիվիստները սպասում են ոստիկաններին ու լրատվամիջոցներին»,- նշված է հաղորդագրության մեջ: