Իրանն աջակցում է ՀՀ-ին, որպեսզի ԼՂ հակամարտությունը չվերաճի մուսուլմանա-քրիստոնեական պատերազմի. Ադրբեջանում Իրանի դեսպան
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը Mediaforum-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը.
«Հայաստանը մեր հարևանն է, և մենք հարգանքով ենք վերաբերում հարևան վոլոր երկրներին: Իրանն աջակցում է Հայաստանին, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը չվերաճի մուսուլմանա-քրիստոնեական պատերազմի:
Դա նաև շահավետ է Ադրբեջանի համար, որպեսզի նա չհայտնվի քրիստոնեական աշխարհի ճնշման տակ: Չնայած նրան, որ շատ երկրներ են աջակցում Հայաստանին, Բաքուն շրջանցում է այդ փաստը:
ԱՄՆ-ը անգամ ղարաբաղցիներին հատկացնում է միլիարդավոր դոլարներ, Հայաստանում շատ ուժեղ է հրեական լոբբին, նրանց դիտորդներն արդեն իսկ մասնակցել են Լեռնային Ղարաբաղի ընտրություններին և, ըստ էության, ճանաչել են նրա անկախությունը: Սակայն, չգիտես ինչու, քննադատության մշտապես ենթարկվում է Իրանը:
Հայաստան ներկրվող ապրանքների միայն 15 տոկոսն է բաժին ընկնում Իրանին: Եվ անգամ Ադրբեջանի հանդեպ բարեկամաբար տրամադրված երկրները, որոնք Հայաստանի հետ չունեն որևէ հարաբերություն, տնտեսական ու մշակութային շփումներ ավելի շատ են հաստատում Հայաստանի հետ, քան՝ մենք:
Իրանում չի տարվում ո՛չ հակահայկական, ո՛չ էլ հակահրեական քաղաքականություն: Իրանահայերն Իրանի քաղաքացիներ են և օգտվում են բոլոր իրավունքներից ու արտոնություններից, ինչպես և Իրանի մնացյալ քաղաքացիները»: