
Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են Կուր գետի ավազանի ջրերի արդյունավետ օգտագործման հնարավորությունները

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են Կուր գետի ավազանի ջրերի ավելի արդյունավետ օգտագործման հնարավորությունները:
Կուր գետը և նրա վտակները թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի համար հանդիսանում են քաղցրահամ ջրի հիմնական աղբյուր: Երկու երկրների ներկայացուցիչներն ապրիլի 30-ին խորհրդակցություններ են անցկացրել Թբիլիսիում, որոնք անցել են կառուցողական մթնոլորտում:
Ադրբեջանի ու Վրաստանի համար Կուրի ավազանի ջրային պաշարները խմելու ջրի առանցքային աղբյուրն են և, ի թիվս այլնի, օգտագործվում են նաև սանիտարական, քաղաքային ու արդյունաբերական ջրօգտագործման, հիդրոէներգետիկայի ու հողատարածությունների ոռոգման համար:
Սակայն այդ ամենին խոչընդոտում են մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են, ասենք, ջրի հոսքի տատանումը (կրճատում), ջրի որակի վատթարացումը, էկոհամակարգի դեգրադացիան, ջրհեղեղները և ափերի քայքայումը:
Այս և այլ խնդիրների լուծման նպատակով Վրաստանն ու Ադրբեջանը մտադիր են ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի Կուր գետի ավազանի ջրային պաշարների պահպանմամբ ու ռացիոնալ օգտագործմամբ: