«Ժառանգությունը»՝ ԲՀԿ-ին. «Պռավալը» մայիսի 5-ին կտեսնենք
Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարության վերաբերյալ, թե «Ժառանգությունն» իր նախընտրական «պռավալը» ուզում է բարդել ուրիշների վրա՝ տարածելով, թե ՆՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ունի մեկ պատասխան. ««Պռավալի» հետ կապված գնահատականին քիչ մնաց. մայիսի 5-ին կտեսնենք»:
168.am-ի հետ զրույցում, ի պատասխան այն հարցին, թե տեղյա՞կ եք՝ ԲՀԿ-ն իսկապե՞ս ընտրակաշառք բաժանում է, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը բավարար է»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ չեք դիմում ԿԸՀ կամ ոստիկանություն, ինչի մասին այսօր «Ժառանգությանը» կոչ էր անում Վահան Բաբայանը, Արմեն Մարտիրոսյանը այսպես արձագանքեց. «Եթե ոստիկանությունը ցանկանար բացահայտել ընտրակաշառքի դեպքերը, ոչ միայն ԲՀԿ-ի, այլև մնացած բոլոր այն կուսակցությունների, առաջին հերթին ՀՀԿ-ի, որոնք ընտրակաշառք են բաժանում, ապա օպերատիվ հետախուզական միջոցառումներով կբացահայտեն ու չեն սպասի, որ Դանիել Իոաննիսյանը հայտարարի՝ նոր բացահայտեն: Մենք արդեն դիմել ենք ԿԸՀ՝ Տարոն Մարգարյանի անունից բաժանվող ծաղիկների հետ կապված, երբ ունեինք առարկայական փաստեր մեր ձեռքին, բայց ոչ ԿԸՀ-ն, ոչ դատարանը արդարության կողքին չկանգնեցին: Այնպես որ՝ մենք գործով ենք զբաղված և ոչ ժամավաճառությամբ»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավորի այն հայտարարությանը, թե «սրանք «Ժառանգության» վերջին փրփուրներն են», ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դա «անհեթեթ» մեղադրանք է, որովհետև «Ժառանգությունը» մշտապես առաջին գծում է պայքարել, չի թաքնվել, ի տարբերություն շատ կուսակցությունների, ու չի մասնակցել «երբեմն-երբեմն ձայն բարձրացնելու ու աթոներ պոկելու համար»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց մրցակիցը եղել ու մնում է Հանրապետական կուսակցությունը, ինչի մասին իրենք ոչ մեկ անգամ են բարձրաձայնել ու հիշեցրեց, որ հենց դա է եղել պատճառը, որ «Ժառանգությունն», ի տարբերություն «որոշների», մասնակցել է նախագահական ընտրություններին, մինչդեռ ԲՀԿ-ն ոչ միայն չմասնակցեց, այլև չաջակցեցին ընդդիմադիր թեկնածուին: