Արմավիրում կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը զանգվածային է եղել
Արմավիր մարզում մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու թվով երրորդ գործը ընդամենը օրեր առաջ ներկայացրեցինք, սակայն այսօր նշված դատական գործերին գումարվեց ևս մեկը: Ըստ «Փաստինֆոյի»՝ այս գործը նույնպես քննության կառնի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Անհատ ձեռնարկատեր Վերգինե Ասատրյանը 2011-2012թթ.-ներին յուրաքանչյուր տարի մատակարարման պայմանագիր է կնքել Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի «Փարաքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Նեկտար Սարդարյանի հետ, որով պարտավորվել է պայմանագրում նշված ժամկետում մանկապարտեզին մատակարարել անհրաժեշտ սննդամթերք, այդ թվում նաև կարագ:
Պարզվում է, որ Վ. Ասատրյանը սպառողին խաբելու դիտավորությամբ կարագի փոխարեն մանկապարտեզին նշված տարիների ընթացքում, տարբեր գներով մատակարարել է խոշոր չափերի հասնող` ընդհանուրը 619800 ՀՀ դրամ արժողության 293կգ սփրեդ:
Վերգինե Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: