Սիրիայում կիրառված քիմիական զենքն ամենայն հավանականությամբ ունի թուրքական ծագում
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զոուբին ապրիլի 30-ին հայտարարել է, որ սիրիացի ապստամբների կողմից Հալեպի մերձակայքում կիրառած քիմիական զենքը, ամենայն հավանականությամբ, ունի թուրքական ծագում:
Զոուբիի այդ հայտարարության մասին հայտնել էր սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը: Նախարարը պնդում է, որ մարտի վերջին Հալեպի մոտ ընկած Խան ալ-Ասալ գյուղի մոտ պայթած արկն արձակվել է թուրքական սահմանից ոչ հեռու, ուր գտնվում է ապստամբական հենակետ:
Ավելի ուշ Զոուբին Russia Today-ին տված հարցազրույցի ժամանակ ընդգծել էր, որ Սիրիան երբեք չի կիրառելու քիմիական զենք. «Նրանց (ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի) գործն առաջին հերթին Խան ալ-Ասալում քիմիական զենք կիրառածներին քողարկելն է, իսկ երկրորդ հերթին՝ իրաքյան սցենարի կրկնմանը հասնելն է՝ նախաձեռնելով նոր, կեղծ տեսչական հետաքննություն»: