Րաֆֆի Հովհաննիսյան. Անդրանիկի որդի Տարոնը չի լինելու Երևանի քաղաքապետ
«Այսօր հավաքվել ենք` ասելու համար «Բարև, Երևան», և թող ոչ մեկը` 26-ում նստած լինի, թե 62-ում, ինչ կուսակցության անդամ էլ լինի, չհաշվի, որովհետև ես գիշեր և ցերեկ անցկացրել եմ Ազատության հրապարակում»,-այսօր Ազատության հրապարակում` «Բարև, Երևան» դաշինքի քարոզարշավին, ասաց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավաքը սկսվել էր ժամը 15-ին` բավական շոգ եղանակային պայմաններում, և սրան անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը` նկատելով, որ շոգ եղանակը հավանաբար պատճառ է դարձել հավաքի` ոչ այնքան բազմամարդ լինելուն: Հովհաննիսյանը շեշտեց, որ իր համար երբեք նշանակություն չի ունեցել, թե քանի՞ հոգի է եկել իր հավաքին` 5500, թե 50.000:
«Եղել են գիշերներ, երբ, Կարինից բացի, 2-3 հոգի, 5 հոգով ենք կանգնած եղել: Եղել է մի օր, մի քանի օրեր, երբ 50 000 է եղել, բայց պայքարը դրանից չի տուժել: Էդ 5 հոգին է, թե 50.000-ն է, թե 500.000, թե 5 միլիոնը, որն ուզում է նոր Երևան, թե նոր Հայաստան, նոր Իջևան, թե Նոյեմբերյան, Կապան, Էջմիածին, Գյումրի, Վանաձոր…, որոն հաղթանակ են տվել փետրվարի 18-ին, պայքարը մեկն է և պայքարն ընթացքի մեջ է»,- ասաց «Բարևի» շարժման ղեկավարը:
«Եթե հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին ուզում է կուսակցակռիվ, թող գնա, ում ուզում է` տա իր քվեն: Մյուս ընտրություններում, երբ կունենանք ուղղակի քաղաքապետի ընտրություն, ես սիրով ձայնս կտամ իմ ընկեր Արմեն Ռուստամյանին, Վահագն Խաչատրյանին, Օսկանյանին և մնացածին, բայց այսօր` մայիսի 5-ի նախաշեմին, մենք ունենք աննախադեպ հնարավորություն ոչ թե տանը նստելու, ոչ թե խավարը անիծելու, այլ մի անգամ Երևանը, ըստ Սահմանադրության 2-րդ հոդվածի, ժողովրդին վերադարձնելու համար»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ում կարծիքով` ազատ և արդար ընտրությունների դեպքում «Բարև, Երևանն» առաջատար է:
«Իրական Հայաստանում ոչ մեկը 40 տոկոս չի վերցնում, և ուրեմն պատրաստվեք բոլորդ, ես էլ ձեզ հետ միասին, Դաշնակցություն, ՀԱԿ, Բարգավաճ, եթե ուզում եք,
Հանրապետական, Օրինաց, Առաքելություն, կեղծիքից դուրս գալ: Մայիսի 5-ից հետո ունենք նոր վիճակ»,- շարունակեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ քվեաթերթիկի 3-րդ համարը` «Բարև, Երևանը», տանելու է պայքար բոլոր կուսակցությունների, քաղաքացիական շարժումների և շարքային քաղաքացիների հետ, ովքեր ուզում են իշխանությունը վերադարձնել ժողովրդին:
«Մայիսի 5-ից հետո Անդրանիկի որդի Տարոնը, հարգանք բոլորին, իրենց հիշատակին, չի լինելու Երևանի քաղաքապետ»,- վերջում ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի