
Օբաման վերստին պատրաստվում է բարձրացնել Գուանտանամոյի բանտի փակման հարցը

Vesti.ru-ի փոխանցմամբ`ՄԱԿ-ը կտրականապես դատապարտել է ամերիկյան Գուանտանամո բանտում բանտարկյալներին հարկադիր կերակրելը: Դեռևս փետրվարին այդ բանտում պահվողները հացադուլ էին հայտարարել և այժմ նրանց բռնի կերակրել են, ինչը հարուցել է միջազգային իրավապաշտպանների դժգոհությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին հայտարարել է, որ մտադիր է փակել այդ հատուկ բանտը: Օբամայի խոսքերով՝ Գուանտանամոյի բանտն արդյունավետ չէ, համաշխարհային արենայում վնասում է ԱՄՆ-ի իմիջին և չափազանց թանկարժեք է սպասարկման համար.
«Կոնգրեսը դեմ է Գուանտանամոյի բանտի փակմանը: Սակայն չնայած դրան՝ ես պատրաստվում եմ վերստին բարձրացնել բանտի վերացման հարցը: Ես այդ մասին արդեն իսկ զրուցել եմ իմ թիմի հետ և աշխատակազմին խնդրել եմ մանրակրկիտ ուսումնասիրել այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Գուանտանամոյում:
Դա նաև վերաբերում է այնտեղ ընթացող հացադուլին: Մոտ ժամանակներս մենք կպարզենք, թե ինչ կարելի է անել: Եվ այդ ժամանակ ես կառուցողական երկխոսություն կսկսեմ Կոնգրեսի հետ՝ ահաբեկիչների պահման կենտրոնի փակման մասին»:
Ներկա դրությամբ Գուանտանամոյի բանտում պահվում է 166 մարդ: Նրանք փետրվարին հացադուլ հայտարարեցին, ինչը սկսվեց այն բանից հետո, ինչ նրանց փոխադրեցին առանձին բանտախցեր: