Լևոն Զուրաբյան. Եթե քննադատություն եղել է իմ ելույթում, ապա վերաբերվել է Վովա Գասպարյանին
«Ես չեմ ցանկանում պատասխանել ոչ իշխանական ուժերի քննադատությանը, որովհետև պատասխանալուն պես մենք կշեղվենք մեր նպատակից ու կզբաղվենք այլ ուժերի հետ գզվռտոցով, իսկ մենք նման բան մեզ թույլ չենք տա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Մենք ընդդիմություն ենք հենց դրանով, որ մեր հակառակորդը իշխանությունն է, իսկ մենք ոչ մեկին չենք քննադատելու բացի իշխանությունից: Ժողովուրդն էլ պետք է հասկանա, թե ո՞րն է իրական ուժը: Դա այն ուժն է, որը իր միակ պայքարը տեսնում է իշխանական ուժի հետ և ոչ քաղաքական այլ ուժերի հետ»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանը երեկ տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքին հայտարարել էր. «Ոչ մի այլ երկրում գլխավոր ոստիկանապետը չի հրահանգում ոստիկանական բաժանմունքներում տեղադրել Տեր Հիսուս Քրիստոսի պատկերները, որ երկրի ոստիկանապետին հաջողվում է ցուցարաններին ցրել ոչ թե ջրցան մեքենաներով կամ արցունքաբեր գազով, այլ շարժմանն առաջնորդած գործչի հետ աղոթելով ու սովորեցնելով նրան նորանոր աղոթքներ»:
Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե այսօրվա իր հայտարարությունը քննադատություն կամ հեգնանք չէ՞ր՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ի պատասխան, Լ. Զուրաբյանն ասաց. «Եթե քննադատություն եղել է իմ ելույթում, ապա վերաբերվել է Վովա Գասպարյանին: Նրա առերևույթ դարի գործերը ներկայացրի, նրա աղոթելը, ցուցադրվող քրիստոնեական բարեպաշտությունը, նրա կարողությունը՝ ցրել միտինգը ոչ թե ուժի կիրառմամբ, այլ՝ աղոթքով: Հետո բացատրեցի, որ եթե քրիստոնեա հավատցյալ է, երբեք թույլ չի տա ընտրություններ կեղծել»:
Մեր հարցին, թե՝ ՀԱԿ կուսակցության համագումարում հնչեցրած Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում էլ հեգնանք չկա՞ր, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես բացատրել է, թե ինչո՞ւ չի գնացել ու միացել: Բայց ի՞նչ է ասել, ո՞ւմ է վիրավորել, երբ բացատրել է, որ իր կյանքի նպատակը չի եղել Վովա Գասպարյանի հետ աղոթելը: Ի՞նչ վիրավորական բան կա այդտեղ»: