Լևոն Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանի «վերընտրություն» կոչվածը ընդամենը պյուրոսյան հաղթանակ է (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի  հանրահավաքը, որի ավարտին  ելույթ ունեցավ Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր խոսքում նշեց, որ թեև հանրահավաքը կազմակերպվել է առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, սակայն համարեց 10-ամսյա հանրահավաքային ընդմիջումից հետո մի քանի ամփոփիչ արձանագրումներ կատարել վերջին նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Տեր-Պետրոսյանն առանձնացրեց 6 կետեր, որոնցում նախ փաստեց, որ 2013 թ. փետրվարի 18-ին «Հայաստանի ավազակապետական ռեժիմին հերթական անգամ հաջողվեց համատարած ընտրակեղծիքների և ժողովրդի կամարտահայտության բացահայտ բռնաճնշման միջոցով պահպանել իշխանության լծակները և երկիրը հինգ տարի ևս անպատիժ կերպով թալանելու հնարավորություն ստանալ»:

Երկրորդը` «դրա հետ մեկտեղ, ժողովրդի մեծամասնությունը ևս մեկ անգամ շառաչուն ապտակ հասցրեց ատելի ռեժիմին` պաշտոնական տվյալներով անգամ 42 տոկոս քվե ապահովելով ընդդիմության թեկնածուների օգտին, այն էլ ոչ թե, այսպես կոչված չար, այլ բարի ընտրությունների պարագայում, ինչից դժվար չէ պատկերացնել, թե ընտրակեղծարարության և բռնաճնշումների բացակայության դեպքում քանի իրական ձայն կստանար Սերժ Սարգսյանը», այնուհետև Կոնգրեսի առաջնորդն արձանագրեց, որ «Միջազգային հանրությունն ու դիտորդական առաքելությունները, ինչպես և սպասվում էր, նորից աչք փակեցին ընտրությունների ընթացքում կատարված համակարգային օրինախախտումների վրա», կարծիք հայտնեց, որ «կառավարման երկրորդ ժամկետում ձեռնարկած առաջին իսկ քայլերը, մասնավորապես Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու փաստը և Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում «վերընտրելուն» ուղղված ահռելի ջանքերը, ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը, արբեցած ու ոգևորված միջազգային հանրության օրհնությունից», իսկ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, ըստ ՀՀ առաջին նախագահի, «հակառակ միջազգային հանրության դիրքորոշմանը չի ընդունում անցած նախագահական ընտրությունների արդյունքները և, հետևաբար, Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության օրինակարգ նախագահ չի համարում», և այլն:

«Այս արձանագրումները ես կատարում եմ ոչ թե հասարակության մեջ անելանելիության կամ հուսահատության սերմեր ցանելու, այլ բացառապես ընդդիմության քաղաքական հաշվարկները իրական ելակետերի վրա հիմնելու և Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա գործունեության ընթացքում ճիշտ խնդիրներ դնելու ու հնարավոր ելքեր գտնելու նպատակով։ Անկախ կատարված արձանագրումներից, Սերժ Սարգսյանի շահած չակերտավոր երկրորդ «հաղթանակն» ամենևին չի նշանակում, թե նա այսօր ավելի ուժեղ է, քան իր կառավարման առաջին ժամկետում։ Ընդհակառակը, բոլոր հիմքերը կան պնդելու, որ այսօր նա շատ ավելի թույլ է, քան անցած հինգ տարիների ընթացքում, և որ օր-օրի նա ավելի է թուլանալու։

Կարդացեք նաև

Դրա նշաններն են` նախորդ հնգամյակում կուտակված ձախողումների անթաքուցանելի բեռը, ռեժիմի և անձամբ Սարգսյանի դեմ անընդհատ խորացող համաժողովրդական ատելությունը, երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների բարդացումը, իշխանական ճամբարում սկիզբ առած և ծավալման միտումներ դրսևորող գզվռտոցը, ինչպես նաև ժառանգորդի թեկնածության շուրջ ծագելիք անխուսափելի հակամարտությունը։ Ուստի եթե դեռ կան մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի «վերընտրություն» կոչվածը հաղթանակ են համարում, ապա շուտով կհասկանան, որ դա ընդամենը պյուրոսյան հաղթանակ է, այն էլ` տարած ոչ թե հակառակորդի, այլ սեփական ժողովրդի նկատմամբ»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը` այնուհետև անդրադաձնալով նաև Երևանի ավագանու ընտրություններին:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս