Շարմազանովի պատասխանը՝ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած ՀԱԿ կուսակցության հայցադիմումին. Շատ դեպքերում գողն առաջինն է գոռում` բռնեք գողին

ՀՀԿ կենտրոնակա գրասենյակում այսօր բուհերի դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո 168.am-ը մի քանի հարց ուղղեց  Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովին:

– Սա, ի վերջո, Կենտրոն վարչական շրջանի բնակիչների՞ հետ հանդիպում էր, թե՞դասախոսների և ուսանողների:

– Մենք պարբերաբար հանդիպումներ ենք կազմակերպում մեր ակտիվի հետ, և մեր հանդիպումները չեն սահմանափակվում միայն կուսակից ընկերներով, կան համակիրներ, և սա հանդիպում է Կենտրոն համայնքում բնակվող պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

– Նաև ուսանողական..

Կարդացեք նաև

– Նաև ուսանողական: Սա առաջին անգամը չէ: Մենք արդեն հասցրել ենք հանդիպումներ ունենալ համայնք առ համայնք, իսկ մինչ մենք հանդիպումներ ենք ունեցել մեր համակիրների հետ գլխավոր շտաբում:

– Դահլիճում ներկա գտնվող բոլոր դասախոսները և ուսանողները ՀՀԿ անդա՞մ էին:

– Ոչ, ոչ, մեծ մասն անկուսակցական է: Չեմ կարծում, որ միայն Հանրապետականների հետ քարոզչությամբ պետք է զբաղվել: Հրավիրում ենք, մարդիկ գալիս են:

– Ուսանողներն ինչպե՞ս են իմացել այսօրվա հանդիպման մասին, բո՞ւհն է տեղեկացրել:

– Բուհերը կապ չունեն այստեղ, և եթե դուք նկատել եք, մենք հատուկ մեր բոլոր հանդիպումներն իրականացնում ենք այստեղ և որևէ  բուհական տարածք չենք մտնում: Բուհը մեզ համար սուրբ է: Քաղաքական քարոզչություն այնտեղ արգելված է և ինքներս` որպես իշխանություն, պետք է օրինակ ծառայենք մյուս քաղաքական ուժերին:

– Ուսանողներն ինչպե՞ս են տեղեկացել հանդիպման մասին:

– Այդ ուսանողները նաև բնակիչներ են, շտաբերն են տեղեկացրել:

– Այս հանդիպման ընթացքում ևս հնչեցվեց այն միտքը, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն, բայց ինքներդ որևէ խոսք չասացիք ավագանու աշխատանքի մասին`շեշտելով միայն Տարոն Մարգարյանի անձը: Արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ սրանով ՀՀԿ-ն քաղաքականացնում է ընտրությունները:

– Իհարկե՝ ոչ, մենք շեշտը դնում ենք նաև ավագանու վրա: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ավագանիները մշտապես ուղեկցում են Տարոն Մարգարյանին, իսկ կոնկրետ այստեղ չխոսվեց, որովհետև այդ ավագանու աշխատանքները բոլորը տեսել են, իսկ ավագանիների աշխատանքը վերջին մեկուկես տարվա ընթացքում ղեկավարել է Տարոն Մարգարյանը:

– Դուք այսօր չէիք ցանկացել նաև մեկնաբանել Հայ ազգային կոնգրես կուսակցության` ՀՀ դատախազություն ուղարկված դիմումը, որով պահանջում են Տարոն Մարգարյանին պատասխանատատվության ենթարկել`անօրինական եկամուտների համար: Եթե ՀԱԿԿ-ը զրպարտում է,  ինչո՞ ւ դատարան չեք դիմում, չէ՞ որ այդ լուրերը Տարոն Մարգարյանի համբավին կարող են վնասել:

– Ես չեմ կարծում, որ դա արատավորում է: Շատ մարդիկ շատ բան կարող են հայտարարել: Շատ դեպքերում գողն առաջինն է գոռում` բռնեք գողին:

– Ինչո՞ւ փաստարկված չեք հերքում:

– Ես չեմ կարծում, որ անհեթեթություններին փաստերով պետք է անդրադառնալ: Փաստարկները ներկայացնում են, երբ լինում է լուրջ բանավեճ:

– Այս օրերին  Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի շրջանում ակտիվ քննարկվում է նաև Կիրովի անվան մանկական զբոսայգին միասեռականներից մաքրելու խնդիրը:

– Ես նրանց սկզբունքորեն չեմ մեկնաբանում: Լուրջ, քաղաքական հարցեր տվեք:

Տեսանյութեր

Լրահոս