
Իրանի գլխավոր դատախազը՝ ՀՀ նախագահի մոտ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսեն Էժեիին:
Ողջունելով Իրանի գլխավոր դատախազին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ հայ-իրանական հարաբերություններին նոր որակ կհաղորդի Իրանի գլխավոր դատախազի այցի ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև այսօր ստորագրված հուշագիրը՝ խթանելով դատաիրավական ոլորտում երկու պետությունների արդյունավետ համագործակցությունն ու գործնական հարաբերությունները:
Հանրապետության Նախագահը նշել է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու Հայաստանի և Իրանի իշխանությունների վճռականության մասին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Իրանի հետ համագործակցության հետագա խորացումը ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, այլ նաև դատաիրավական ոլորտում: