Բաժիններ՝

«Արմավիա»-ի կուտակած պարտքի դիմաց տույժերը գերազանցում են պարտքի չափը

«Արմավիա»-ն հրապարակել է ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքերի ցուցակը, միաժամանակ հավելելով, որ դրանց չափն իր համար այնքան մեծ չէ, որքան դրանց նկատմամբ առաջացած տույժերը:

Պարտքեր ՀՀ ազգային փոխադրողը կուտակել է 2010թ-ից ի վեր և հետագա 2 տարիների ընթացքում: Արդյունքում 2010-2012 թթ. ներառյալ «Արմավիա»-ն պետական բյուջեին կուտակել է 24 269 365 000 դրամի պարտք:

Ընկերությունը, սակայն, փաստում է, որ այս գումարից միայն շուրջ 7 մլրդ-ն է բուն պարտքը, իսկ մնացած 17 մլրդ-ը գոյացել է 3 տարիների ընթացքում ընկերության նկատմամբ կիրառված տույժերի արդյունքում:

Ըստ «Արմավիա»-ի հրապարակած փաստաթղթի, պարտքերի և տույժերի հարաբերակցությունն այսպիսին է.

1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ`
–    Հիմնական գումարը    322,730,000 դրամ
–    Տույժ    298,148,000 դրամ

2. ԵԿԱՄՏԱՀԱՐԿ`
–    Հիմնական գումարը    483,568,000 դրամ
–    Տույժ    511,700,000 դրամ

3. ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒՅԹԱՀԱՐԿ (1%)`
–    Հիմնական գումարը    527,658,000 դրամ
–    Տույժ    271,450,000 դրամ

4. ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒՅԹԱՀԱՐԿ`
–    Հիմնական գումարը    101,263,000 դրամ
–    Տույժ     55,035,000 դրամ

5. ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ`
–    Հիմնական գումարը     5,489,160,000 դրամ
–    Տույժ    16,208,653,000 դրամ

ԸՆԴԱՄԵՆԸ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՀԱՐԿԵՐՈՎ`
–    Հիմնական գումարը     6,924,385,000 դրամ
–    Տույժ    17,344,980,000 դրամ

Ընկերությունը մեկնաբանում է, որ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքից ելնելով, հարկային տեսչությունը մտադիր է դիմել դատարան սառեցնելու ավիաընկերության հաշիվները, իսկ դա իր հերթին «սկզբունքորեն թույլ չի տա ընկերության առողջացման և բարեփոխման տարբերակի իրականացումը»:

Հիշեցնենք, որ ընկերությունն այսպես կոչված առողջացման առաջարկերով ծրագիր է ներկայացրել Կառավարություն և այժմ սպասում է արձագանքի:

«Արմավիա»-ն պետությանը իր բաժնետոմսերի փաթեթի 24,1 % մասնաբաժինն է առաջարկում ի հաշիվ պետական բյուջեին իր կուտակած պարտքերի:

Նշենք նաև, որ բացի բյուջեյից, ընկերությունը պարտք է նաև «Զվարթնոց» օդանավակայանին, ուղևորներին և աշխատակիցներին:

Ինչ վերաբերում է վերջին երկուսին, ապա ուղեւորներին նախապես ձեռք բերված տոմսերի դիմաց մինչև մարտ ամիսը փոխհատուցվել է ավելի քան 20 000 000 ՀՀ դրամ, իսկ աշխատակիցներին, ինչպես նշված է «Արմավիա»-ի ներկայացրած տեղեկանքում, «մասամբ վճարվում է աշխատավարձի պարտքը»: Իսկ թե որքան, չի հստակեցվում:

Միաժամանակ, շարունակվում են նաև աշխատակազմի կրճատումները:

Ավիաընկերությունը ներկա պահին ունի 40 բարձրակարգ օդաչու, 50 բորտուղեկցորդներ և հրահանգիչներ, 70 հոգանոց տեխնիկական կազմ, ովքեր իրականացնում են օդանավերի սպասարկում, եւս 98 մարդ ովքեր իրականացնում են ավիացիայի համար անհրաժեշտ ավիացիոն կամ մասնագիտական հմտություններ պահանջող այլ ծառայություններ և շուրջ 400 մարդ էլ զբաղված է ֆինանսական, կոմերցիոն ծառայությունների ոլորտում և ընկերության ներկայացուցիչների ցանցում:

Նելլի Դանիելյան
«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս