Անդրիաս Ղուկասյանի համար պարզ չէ՝ «Նոր Հայաստան» շարժումը պահանջո՞ւմ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե՞ ոչ

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով նախագահական ընտրություններից հետո միևնույն հարթակում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ու ելույթներ էր ունենում՝ պահանջելով վերականգնել Հովհաննիսյանի ստացած ձայներն ու սահմանադրական կարգը, արդեն  երկար ժամանակ պասիվ կեցվածք է որդեգրել Րաֆֆի Հովհաննիսյանի ու շարժման նկատմամբ:

168.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը խոստովանեց, որ իր համագործակցությունը հետընտրական շարժման հետ նվազել է: «Ես գտնում եմ, որ, եթե նրանք իմ անհրաժեշտությունն ունենան, ինձ կհրավիրեն: Ես անձամբ չեմ մասնակցում այն միջոցառումներին, որոնց ինձ չեն հրավիրում: Եթե չեն հրավիրում, ուրեմն՝ իմ անհրաժեշտությունը չեն տեսնում»,- մեզ հետ զրույցում ասաց նախկին թեկնածուն՝ շեշտելով, որ նվազել է նաև շարժման ակտիվությունը:

Ըստ նրա՝ ոչ միայն իր, այլև՝ շարժման մի շարք մասնակիցների ու համախոհների ակտիվությունն է թուլացել:  Ա. Ղուկասյանը վստահեցրեց, որ իրեն չի «ծանրաբեռնում» այն հարցով, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումն այլևս չունի իր «կարիքը», ու ընդգծեց, որ ինքն էլ իր հերթին՝ չի «ձգտում» մասնակցել դրանց.

«Այն, որ մեր համագործակցությունը նվազել է, ինձնից չի գալիս: Դա գալիս է Րաֆֆի Հովհաննիսյանից ու իր թիմից: Իրենք պետք է հստակեցնեն իրենց ծրագրերը, որ մարդիկ դրա շուրջ իրար հետ համագործակցեն»:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ ի՞նչը կարող է ստիպել Ձեզ վերսկսել ակտիվ համագործակցությունը շարժման և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Կախված շարժման կոնկրետ քաղաքական նպատակներից, ծրագրերից, քաղաքական մյուս ուժերին իր շուրջը համախմբելու ցանկության առկայությունից՝ ես կորոշեմ իմ հետագա քայլերը: Տվյալ դեպքում շարժման նախաձեռնողները պետք է հստակեցնեն իրենց քաղաքացիական ու քաղաքական ուժերի հետ համագործակցությունն ու քաղաքական օրակարգը: Այս դեպքում միայն բոլորին կարող է պարզ դառնալ՝ որքանո՞վ կարող է լինել այդ ֆորմատով իրենց մասնակցությունը»:

Ա. Ղուկասյանն ասաց, որ ինքը հետընտրական միջոցառումներին մասնակցելու առաջարկ չի ստացել և որևէ պատճառ չունի դրանց չմասնակցելու համար, պարզապես չի տեսնում՝ «ինչի՞ շուրջ միավորվել»:

«Ինձ համար «Նոր Հայաստան» շարժման օրակարգը պարզ չէ. ի՞նչ նպատակ է իր առջև դնում այդ շարժումը, պահանջո՞ւմ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե՞ ոչ, պահանջո՞ւմ է նոր ընտրություններ, թե՞ ոչ, ո՞րն է հետագա քայլերի ճանապարհային քարտեզը, և այլն: Այս ամենը դեռ պարզ չէ, հստակ չէ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Նոր Հայաստան» շարժման մեջ մտնող ուժերը պետք է իրենց հստակ ծրագիրն ու քաղաքական սկզբունքները հռչակեն ու դրա շուրջ հրավիրեն քաղաքական ուժերին, առաջարկեն համագործակցության տարբերակներ, և այլն:

Սակայն այդ ամենը, Ա. Ղուկասյանի համոզմամբ, տեսանելի չէ:  Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի վերսկսած մարզային այցելություններին, Ա. Ղուկասյանը նկատեց, որ միշտ էլ կարևոր է շփվել մարդկանց հետ՝ ստեղծելով առողջ քաղաքականության հիմք: Միաժամանակ Ա. Ղուկասյանն ասաց, որ չի կարող գնահատել, թե որքանով են այցելությունները դրական կամ բացասական երանգ հաղորդում Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը:

Տեսանյութեր

Լրահոս