Հայաստանում կանցկացվի «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորումը
Ապրիլի 25-ին Հայաստանում կնշվի «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» օրը: Միջազգայնորեն այս օրը նշվում է 2010 թվականից:
Այդ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորում, որի նպատակն է քաջալերել հայ աղջիկներին սկսելու կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում:
ՏՀՏ ոլորտում հաջողությունների հասած ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամից, Գյումրիի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից և այլ հաստատություններից: Միջոցառմանը ելույթ կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հ/կ-ի տնօրեն Նարինե Աբազյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և այլոք:
Ինչպես 168.am-ի տեղեկացրեց ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի հանրային կապերի մասնագետ Զառա Սարգսյանը այս տարի ֆորումի աշխատանքն առաջին անգամ ուղիղ եթերով առցանց կհեռարձակվի Հայաստանի մարզերի բուհերի համար, որպեսզի շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռվի մասնակցել ֆորումին: Ֆորումին կարելի է առցանց հետևել այստեղ:
Ֆորումի ավարտին մրցանակներ կհանձնվեն այն ուսանողուհիներին, որոնք միջոցառմանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում մասնակցել են ՏՏ ոլորտի վերաբերյալ շարադրությունների մրցույթին:
Միջոցառումը կազմակերպվում է «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Cisco ընկերության, ինչպես նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ: Միջոցառումը նախաձեռնվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) որոշման համաձայն:
Միջոցառմանը ներկա կլինեն 200 հոգի՝ բուհերի և քոլեջների ուսանողուհիներ, Հայաստանի դպրոցների և ՏՏ կրթական հաստատությունների կին ներկայացուցիչներ, այդ թվում`Հայաստանի ամերիկյան համալսարանից, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, Հայկական վիրտուալ համալսարանից, Երևանի հեռահաղորդակցության հետազոտությունների ինստիտուտից, ինչպես նաև տեխնիկական թեքում ունեցող կրթական այլ հաստատություններից: