Բաժիններ՝

Ռոբերտ ֆոն Ռեկովսկի. Կարող եմ արդյունավետ ձևով իմ փորձը ներդնել այս բանկում

«Ամերիա» բանկի տնօրենների խորհրդի անկախ անդամ է դարձել Emerging Markets Strategy փոխնախագահը և Fidelity Investments ընկերության պորտֆելի կառավարիչը Ռոբերտ ֆոն Ռեկովսկին (ձախից առաջինը), ով համաշխարհային ակտիվների կառավարման ավելի քան 23 տարվա փորձ ունի:

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը շատ է կարևորում է իր՝ «Ամերիա» բանկում իբրև անկախ փորձագետի դերի ստանձնումը և տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ հնարավորություն է ունեցել աշխատելու հայ գործընկերների հետ՝ «Հայաստան 2020» ծրագրերի շրջանակում:

«Ես ոչ թե որպես բաժնետեր եմ հանդես գալու տնօրենների խորհրդում, այլ կորպորատիվ կառավարման լավագույն փորձը պետք է ներդնեմ այս բանկում: Ծանոթ լինելով ու աշխատելով բանկի խորհրդի անդամներից ոմանց հետ՝ ինձ բավականին վստահ ու հանգիստ եմ զգում, որ կարող եմ արդյունավետ ձևով իմ փորձը ներդնել այս բանկում»,- ասաց նա:

«Ամերիա» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ ներմուծում է խորհրդի անկախ անդամի ինստիտուտը՝ հաշվի առնելով այն կարևորությունը, որը բանկը տալիս է կորպորատիվ, ժամանակակից կառավարման մեխանիզմի ձևավորմանը:

«Անկախ անդամի առկայությունը մեծ մասով կօժանդակի մեր զարգացմանը և մեր ծրագրերի իրականացմանը»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի շուկային՝ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին նշեց, որ ներդրումային դասակարգման տեսանկյունից Հայաստանի շուկան կարելի է դիտարկել զարգացող:

«Իհարկե մի շարք ոլորտներում աճի բարձր տեմպեր են գրանցվում, բայց մյուս ոլորտները՝ տնտեսական անցումային փուլերում են: Ներկայումս ներդրումային դաշտը պայմանավորված է կամ տեղացի ներդրողների կամ ուղիղ ներդրումների միջոցներով: Հայաստանի շուկայում կարևոր դեր է խաղում Կառավարության կողմից թողարկումները և բաժնետոմսերը»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր Ռոբերտ ֆոն Ռեկովսկու մասնակցությամբ Ամերիա Ընկերությունների խմբի և Համաշխարհային տնտեսական հանձնաժողովի Global Shapers Community-ի երևանյան գրասենյակի հետ համատեղ անցկացվեց փակ քննարկում՝ «Գլոբալ տնտեսական հեռանկարները և զարգացող շուկաների դերը» թեմայով:

Tert.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս