Արամ Մանուկյան. Բացի ՀՀԿ-ից, որևէ մեկի հետ խնդիր չունենք
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը չի քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջարկված «Նոր Հայաստան շարժման» հռչակագիրը, որն իրենից ենթադրում է ազգային միասնության ճակատի ստեղծում, ոչ իշխանական ուժերի միավորում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Մենք մեր քարոզն ենք անում, մեր ծրագիրն ենք իրականացնում, բայց մենք պատրաստ ենք քաղաքական ուժերի հետ, օրինակ, ընտրատեղամասերում ձայները վերահսկելու ծրագրին: Մենք որևէ քաղաքական ուժի հետ, բացի Հանրապետական կուսակցությունից, խնդիր չունենք, ծրագրեր իրականացնելու առումով: Թե ընտրություններից առաջ, թե՛ ընտրություններից հետո մենք բաց քաղաքականություն ենք վարում: Ովքեր կողմ են իշխանափոխությանը, մեզ համար ընդունելի և սիրելի մարդիկ են, իսկ ովքեր իշխանափոխության համար գործ են անում, մեզ համար հարգված մարդիկ են»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը:
Արամ Մանուկյանը նաև ավելացրեց, թե իրենք հինգ տարի է՝ զբաղվում են այդ գործով, ու բազմիցս բաց հայտարարել են, որ իշխանափոխությունն իրենց նպատակն է. «ՀԱԿ-ը իր նպատակին ուղիղ է գնում, առանց սեթևեթելու: Ովքեր ձգտում են իշխանափոխության, մեզ համար իսկապես հարգված քաղաքական ուժեր են»: