Չենք հավատում, որ Ռաֆոն էլ չկա (տեսանյութ, լուսանկարներ)

Ապրիլի 19-ին, ժամը 11:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած և տեղում մահացած 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի տան բակում այսօր տխուր լռություն էր տիրում:

Շենքի մուտքի մոտ հավաքվել էին նրա դասընկերները, ովքեր հուզմունքը քողարկելու համար անընդհատ ծխում էին:

Րաֆֆիի մահվան գույժը լսել էին երեկ երեկոյան, բայց չեն հավատում իրենց լսածին, չեն հավատում, որ Րաֆֆին կամ, ինչպես իրենք են ասում` Ռաֆոն  այլևս չկա:

Շենքի մուտքի մոտ էլ սկսեցինք խոսել Րաֆֆիի մասին:

Ընկերները պատմում էին, որ Րաֆֆին 9 ամսվա ծառայող էր: Մինչ բանակ գնալը ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ, բայց վճարովի հիմունքնով ընդունվելու պատճառով՝ նրան զորակոչեցին:

Ընտանիքում 2 երեխա էին: Ավագ եղբայրը, ըստ ընկերների, 24-25 տարեկան է: «Պատկերացնո՞ւմ եք` Ռաֆոն  0,25 բալ էր մնում, որ անվճար անցներ: Էնքան խելացի էր:  Հուլիսի 15-ին՝ ընդունելության լուրը լսելուց 3 օր հետո, զորակոչեցին… Չգիտեմ, էնքան նպատակներ ուներ: Ասում էր` բանակը պրծնի՝ գա, շարունակելու է ուսումը… բայց…»,- 168.am-ի հետ զրույցում պատմում էին ընկերները, որոնց կոկորդում, կարծես, այդ «բայցը» կուլ չէր գնում:

«Րաֆֆին արտակարգ տղա էր»,- շենքի մուտքից դեպի բակ տանող ճանապարհին նայելով` ասում էին նրանք:

Ընկերների ասելով` Րաֆֆին որևէ խնդիր կամ տարաձայնություն չէր ունեցել զինվորների շրջանում: Նրանց փոխանցմամբ` իրենք 10-12 օր առաջ էին խոսել Րաֆֆիի հետ և որևէ արտառոց բան չէին նկատել նրա մոտ:

Նրանք նաև չեն հավատում ինքնասպանության վարկածին:

«Բացառում ենք դա… Մեր իմանալով` դեպքը տեղի է ունեցել պազիկում` ավտոբուսում: Րաֆֆիենք դիրքերից վերադառնում էին, ու ոնց կարար Րաֆֆին…»,- ասացին ընկերները` մատնացույց անելով  իրենց հեռախոսները, որում պահում էին Րաֆֆիի լուսանկարները:

«Ինքը ոչ մի բանից չէր բողոքում, բացարձակ ոչ մի բանից չէր նեղվում: Իրանից տենց բան սպասելի չէր: Բացառված է ինքնասպանությունը: Իրանց ընտանիքն ընենց եզակի, թասիբով, հայրենասեր մարդիկ են, որ բացառված ա՝ տենց բան լինի»,- նշեց ընկերներից Սերգեյը:

Հարևանների փոխանցմամբ` Ռաֆոն բոլորին հասնող տղա ՝ եղել, ու չեն էլ հավատում, որ նման դեպք է պատահել:

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնում տեղի է ունեցել Րաֆֆի Մարաշլյանին դիազննությունը:

Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով ներկա է եղել զինվորի դիահերձման գործընթացին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Րաֆֆի Մարաշլյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հրազենային կրակոցը եղել է ներքևից վերև` ծնոտի ներքևի մասից:

Դա նման է ինքնասպանության, սակայն, ըստ իրավապաշտպանի` դեռևս չի կարելի ասել, որ դա ինքնասպանություն է: Նա նաև նշել է, որ դեպքի մասին առավել հանգամանալից տեղեկություններ կհայտնի երկուշաբթի օրը:

Հիշեցնենք նաև, որ որդու դիահերձմանը ներկա էր գտնվում նաև հայրը, ում սիրտը, սակայն, չէր դիմացել: Վերջինս դիահերձման սենյակից դուրս գալով` ուշաթափվել է: Նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո նա հայհոյելով դուրս է եկել շենքից:

Լուսանկարները՝ 168.am-ի և Րաֆֆի Մարաշլյանի ֆեյսբուքյան էջի

Raffi (3)

Raffi (1) Raffi (5)

Raffi (4)

Raffi -zinvor

Raffi-zinvor1

Raffi-zinvor2

 

Տեսանյութեր

Լրահոս