Լ. Ալավերդյան. «Աշոտ Կարապետյանը մի ամբողջ համակարգ չէ, որ վարկաբեկել է, նա երկիրս է վարկաբեկել»

Երևանի ոստիկանապետի պաշտոնում Աշոտ Կարապետյանի նշանակումից ժամեր անց փաստաբան Վահե Գրիգորյանը հանրությանը հիշեցրեց, թե նույն Աշոտ Կարապետյանը դեռևս Ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալի պաշտոնում՝ 2004թ. ՀԺԿ անդամ, ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին ինչպես էր դաժան ծեծի ենթարկել և խոշտանգել:

Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանից, ով նույնպես ինտենսիվորեն զբաղվել է Գրիշա Վիրաբյանի գործով, 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այն փաստին, որ  Աշոտ Կարապետյանը պաշտոնի բարձրացում է ստացել:

«Այդ անձը պետք է հեռացվեր այդ համակարգից, գոնե միառժամանակ: Հիմա, եթե Վլադիմիր Գասպարյանը՝ մեր հարգելի գեներալը, գտել է, որ այդ անձն այդ տարիներից մինչև հիմա փոփոխվել է, դա իր պատասխանատվության հարցն է  լինելու, որովհետև ես այն ժամանակ պնդում էի, որ ոչ միայն դաժան վերաբերմունք է եղել, այլև հետագայում՝ շատ անարժան պահվածք: Իրենք դեռ փորձում էին դատել Գրիշա Վիրաբյանին: Մենք կարողացանք հասնել միայն նրան, որ Գրիշա Վիրաբյանը չդատվի, բայց չկարողացանք հասնել նրան, որ դատվի այդ խոշտանգումների հեղինակը կամ պատասխանատուն՝ Աշոտ Կարապետյանը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա ասաց, որ իր համար անհասկանալի է, թե նման վարքագիծ ունեցող անձի նկատմամբ ինչո՞վ է պայմանավորված այդ խրախուսանքը: Նա նշեց՝ եթե պարզվի, որ Աշոտ Կարապետյանը փոխվել է՝ դա կնմանվի հրաշքի:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Գրիշա Վիրաբյանի հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անցյալ տարի բավարարվեց, և պետությունը պարտավորություն ունի նրան վճարել 31 հազար եվրո:

«Ի վերջո, Աշոտ Կարապետյանը մի ամբողջ համակարգ չէ, որ վարկաբեկել է, նա երկիրս է վարկաբեկել: Արդյոք Աշոտ Կարապետյանի պատիվը բա՞րձր էր իմ երկրի պատվից: Ես ինձ կոտորում էի, որ ամեն ինչ այստեղ լուծվի, և դրանով մենք մեծ քայլ կանեինք առաջ»,- վրդովված ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ Գրիշա Վիրաբյանի դեպքը եղել է բացառիկ դաժան և անօրինական քայլերով գործողություն, և պատահական չէ, որ ինքն այս հարցում մինչև վերջ հետևողական է եղել:

Ինչ վերաբերում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի և Աշոտ Կարապետյանի միջև այս օրերին անցկացվող համեմատություններին, ապա Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ներսես Նազարյանը հանրահավաքների  և քաղաքական ակցիաների ժամանակ ևս թույլ է տվել անօրինականություններ, մասնավորապես՝ խոչընդոտել  է վրաններ տեղադրելուն, սակայն նրա անվան հետ կապվող  այսպիսի դաժան դեպքերի մասին գոնե ինքը չի լսել:

Տեսանյութեր

Լրահոս